Մայիսի 10-ին Արցախի «Արդարություն» եւ Ժողովրդավարական կուսակցությունները, ՀՅԴ տեղի կառույցը «ղեկավար կազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ» հանդիպում են ունեցել եւ «մտքեր փոխանակել Արցախում նկատվող «Դիմադրություն» շարժման զարգացումների եւ դրանց կազմակերպված ընթացք տալու մասին»։ Սա «թարգմանաբար» նշանակում է Արցախում նախաձեռնել «Դիմադրություն» շարժում։
Խնդիրն այն է, թե ում կամ ինչի դեմ։ Դա որպես Երեւանի Ֆրանսիայի հրապարակի «դիմադրության» արցախյան «մասնաճյո՞ւղ» է ծրագրավորվում, թե՞ իբրեւ արցախյան առանձին շարժում։ Դատելով երեւանյան ցույցերին եւ երթերին հիշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների ներգրավվածությունից ու քարոզչությունից, որ գեներացվում է նախկին պաշտոնյաների, մտավորականության առանձին դեմքերի եւ սոցիալական մեդիայում հաստատուն տեղ զբաղեցրած ոչ անհայտ օգտատերերի ամենօրյա գրառումներից՝ Արցախի Ազգային ժողովի երեք խմբակցությունների քաղաքական առաջնորդները կայացրել են Ստեփանակերտից Երեւանի գաղափարակիցներին աջակցություն կազմակերպելու որոշում։
Ամենեւին էլ պատահական չէ, որ Արցախի տարբեր բնակավայրերում հավաքագրվում են «դիմադրության մարտիկներ»։ Նրանք հերթափոխով մեկնում են Երեւան եւ «շատ պատահական» հայտնվում տեսախցիկների առաջ կամ դառնում «բացառիկ հարցազրույցի» վիզավի։ Ինչ խոսք, Հայաստանի օրվա կամ ցանկացած այլ իշխանության դեմ բողոքը մարդու անկապտելի իրավունքն է։ Բայց արդյոք հենց դա՞ է այսօր Արցախի համար ամենակարեւորը, կամ միայն այդ ձեւո՞վ է հնարավոր նրան օգտակար լինել։ Արցախում խնդիրներ չկա՞ն։
Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունից պատգամավոր Մարսել Պետրոսյանը Ֆեյսբուքում հարց է հնչեցրել, թե ով է պատասխանատու որոշում ընդունել եւ Փառուխից ՊԲ դիրքերը հետքաշելու հրաման տվել։ Սա «երկրորդակա՞ն» խնդիր է։ Ամենեւին։ Այդ օրերին մենք երեք զոհ եւ տասնյակից ավելի վիրավորներ ենք ունեցել։ Առայսօր մարդիկ ոչ միայն Փառուխ, այլեւ Խրամորթ չեն վերադարձել։ Քարագլխի բարձունքը կիսով չափ է միայն վերահսկում ՊԲ-ն։
Իսկ թե մարտի վերջի-ապրիլի սկզբի գերլարված օրերին քանի ընտանիք է հեռացել Արցախից, ոչ ոք չգիտի։ Ահա հարց, ահա ժողովրդից առաջնային մանդատ ստացած Ազգային ժողով, որ կարող է գոնե Փառուխի դեպքերի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել, հրավիրել ուժային կառույցների պատասխանատուներին, ինչո՞ւ չէ, նաեւ Արայիկ Հարությունյանին եւ բացատրություն պահանջել՝ երբ է ծագել Փառուխից դիրքերի «հայելային հետքաշման» գաղափարը, ով է հղացել, ինչ բանակցություններ են կազմակերպվել-ընթացել, ինչպես է դա արձանագրվել՝ բանավո՞ր, թե՞ կան սղագրություններ, ով է տվել վերջնական հրամանը եւ այլն։
Սա չէ՞ր լինի «դիմադրություն»։ Կլիներ, բայց երեւի ավելի հեշտ է թաքնվել ընդհանուր բնույթի, գործնական որեւէ հետեւանք չենթադրող հայտարարությունների «թիկունքում»։ Երբ չկա հստակ խնդիր, չկա նաեւ պատասխանատվություն, ինչպես պատերազմի քառասունչորս օրերին, երբ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչ պատգամավորները մի քանի, գուցե տասնյակ հանդիպում են ունեցել Արայիկ Հարությունյանի հետ, լսել նրան, իրազեկվել ռազմաճակատում փաստացի իրավիճակից։ Նոյեմբերի 9-ից հետո շատերի հարցազրույցներից կարելի էր տպավորություն ստանալ, թե կա՛մ նրանք Ստեփանակերտում չեն եղել, կա՛մ խնդիր ունեն ներկայացնելու այնպես, որ թշնամին մի գիշերում է Շուշի «դեսանտ իջեցրել», իսկ մինչ այդ «մենք հաղթում էինք»։
Ինչի՛՞ն կամ ո՛՞ւմ պիտի դիմադրի Արցախը, որի «նշանները նկատել են» Ազգային ժողովի երեք խմբակցությունների քաղաքական ղեկավարները՝ տարածած հաղորդագրությունից հստակ չի երեւում, բայց ենթատեքստը պարզ է։ Դա Արցախի խնդիրը չէ։
Արցախը «փրկության» է կարոտ։ Փրկություն՝ պոլիտիկանությունից, պոպուլիզմից, դիլետանտությունից, փարիսեցիությունից, պատեհապաշտությունից, քաղաքական ինֆանտիլությունից։ Պատերազմը հոծ գիծ է քաշել իրականության եւ քաղաքական հռետորաբանության միջեւ։ Արցախի Ազգային ժողովը վաղուց հանրային հեղինակություն չունի։ Իսկ մարտահրավերներն առարկայական են եւ ավելի են առարկայանալու։
Արցախը պետք է հաղթահարի քաղաքական ինքնակազմակերպվածությանը սպառնացող մարտահրավերները։ Դա հնարավոր է մի դեպքում, երբ քաղաքական դաշտը մաքրվի, ասպարեզ գան իրոք պրոֆեսիոնալ, պատասխանատվություն ստանձնելու պատրաստ եւ միջազգայնորեն մրցունակ դերակատարներ։ Այլապես նեղ գավառամտությունը շարունակելու է ավերածությունները։
Ավելի քան մեկուկես տասնամյակ Արցախը ենթարկվել է քաղաքական դեգրադացիայի, սերնդափոխություն տեղի չի ունեցել։ Երբ խորհրդարանի տարիքով ամենաերիտասարդ պատգամավորը տեղեկատվական բավական լուրջ հարթակում խոսում է 88-ի ստեփանակերտյան ցույցի բառապաշարով, դա արդեն անվտանգային խնդիր է։
Առանց չափազանցության։ «Դիմադրությունը» պետք է ուղղել այս սնապարծ գավառականությանը, որպեսզի Արցախը վերականգնի ներքին կենսունակությունը։ Թե չէ շարժում չսկսած՝ կարելի է քննարկել նաեւ պարտության պատճառները։ Մեր պատմության մեջ նման «ապստամբություններ» շատ են եղել։ Արցախը հերթական «ապստամբավայր» չէ։ Մնայուն հայրենիք է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։