Կայսրությունների փլուզում, նոր վարչատարածքային միավորումների առաջացում, միջազգային քաղաքական իրադրությունով պայմանավորված ոչ նպաստավոր որոշում կամ հակառակը՝ նպաստավոր վիճակից չօգտվելու անկարողություն, քաղաքական այրերի կամ ուժերի վրիպումներ, անպատասխանատու անփութություն եւ, որպես հետեւանք, չլուծված տարածքային վեճը մեկընդմիշտ ու հնարավորինս քիչ կորուստներով լուծելու փոխարեն այդ ծանր բեռը ապագա սերունդների ուսերին թողնելու տխուր հեռանկար. ուկրաինացի գրող, լրագրող, հրապարակախոս, «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան, ուկրաինական ՓԵՆ ակումբի անդամ Վիտալի Պորտնիկովի հոդվածում:
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի մահից հետո կրկին առաջանում է հետեւյալ հարցը՝ ինչո՞ւ Ղրիմը մնաց ուկրաինական մինչեւ 2014 թվականը, եթե Ռուսաստանն իր հավակնությունները ներկայացրել էր դեռ 1991-ի օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության հռչակումից բառացիորեն ժամեր անց։
Քչերն են հիշում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պավել Վոշչանովի հայտարարությունը, որում ուղղակիորեն խոսվում էր Ղրիմի մասին:
Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ երկրի անկախացման մասին որոշումից անմիջապես հետո Կիեւ ժամանեց մոսկովյան պատվիրակությունը, որի ղեկավարը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր եւ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակն էր՝ Վլադիմիր Պուտինի քաղաքական ուսուցիչը, կարծես թե դեմոկրատ, բայց նաեւ համոզված շովինիստ, վստահ, որ հանրապետությունները պետք է լքեն Խորհրդային Միությունը նույն տարածքով, որով միացել էին։
Սեւծովյան նավատորմը եւս պիտի մնար. նույնիսկ այն ժամանակ Մոսկվայում չէին կասկածում Սեւ ծովի վրա ռազմական վերահսկողություն պահպանելու անհրաժեշտությանը:
Այսինքն՝ ռուսական քաղաքական վերնախավի համար հարցը պարզ էր․ եթե նույնիսկ Ուկրաինան հեռանա, ապա՝ առանց Ղրիմի։ Ինչի՞ էին սպասում։ Դե, նախ դեկտեմբերի 1-ի հանրաքվեին։ Մոսկվայում կարծես վստահ էին, որ ուկրաինացիները դեմ են քվեարկելու անկախությանը:
Իրադարձությունների զարգացման մի պարզ սցենար էին պատրաստում․ եթե Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Միությունից, թող հեռանա առանց անկախությունը մերժած շրջանների։ Կամ թող մնա ամբողջությամբ: Հանրաքվեի արդյունքները, կարծում եմ, ապշեցրել են թե՛ Գորբաչովին, թե՛ Ելցինին։
Ղրիմի հարցը մի կողմ դրվեց: Բելովեժսկայա Պուշչայի բանակցություններում Ելցինը Կրավչուկից ստացավ ինչ ուզում էր․ այնպիսի մի կառույցի ստեղծում, որը նրան կօգնի ազատվելու Գորբաչովից եւ «նորացված միությունից»։
Հետագայում արդեն Ելցինն ինքն էր ցանկանում ԱՊՀ-ի հիման վրա ստեղծել նորացված Միություն։ Բայց նման դաշինքի մեջ պետք է ընդգրկվեր ամբողջ Ուկրաինան։
Երբ պարզ դարձավ, որ նոր միութենական պետություն չի լինելու, Կրեմլը կրկին ուշադրությունն ուղղեց Ղրիմի կողմը։
Ղրիմի թերակղզում սնկի պես հայտնվեցին բացահայտ պոպուլիստական բնույթի ռուսամետ ուժեր, որոնք պետք է այլընտրանք դառնային տեղական նոմենկլատուրային։ Ելցինը, ըստ երեւույթին, հասկացել էր, որ Կրավչուկը Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը պահպանում էր հենց Ղրիմի շրջանային կուսակցության կոմիտեի նախկին առաջին քարտուղար Նիկոլայ Բագրովի հետ նոմենկլատուրային կապերի շնորհիվ․ հետագայում վերջինս դարձավ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ։
Ինքը՝ Ելցինը, մարզկոմի նախկին առաջին քարտուղարն էր, ուստի ուղղահայաց աշխատանքի մեխանիզմը նրան քաջ հայտնի էր։ Իսկ Մոսկվայում, հավանաբար, որոշել էին ուղղակի քանդել այդ ուղղահայացը։ Եվ քանդեցին, ինչը Կրավչուկի առաջին ծանր պարտությունն էր Ուկրաինայի նախագահական ընտրություններում սեփական պարտությունից առաջ։
Սակայն մինչ այդ Բագրովը Ղրիմի նախագահի ընտրություններում պարտվել էր ռուսների հովանավորյալ Յուրի Մեշկովին։ Եվ Մոսկվան սկսեց նախապատրաստել Ղրիմի թերակղզու անջատումը. մոսկովյան կառավարություն, նախագահի մոսկովյան վարչակազմ, նույնիսկ ժամերը` Մոսկվայի ժամանակով:
Ինչո՞ւ այն ժամանակ դա չհաջողվեց: Որքան էլ տարօրինակ է, դարձյալ Կրավչուկի պատճառով: Ավելի ճիշտ՝ նախագահական ընտրություններում նրա պարտության պատճառով:
Հաղթեց Լեոնիդ Կուչման, որին ակտիվորեն աջակցում էին Ելցինը, նրա վարչապետ Չեռնոմիրդինը եւ ռուսական հեռուստաալիքները։
Կուչմայի ընտրվելուց հետո առաջին օրերին նրա նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ նախագահի աշխատակազմի ապագա ղեկավար Դմիտրի Տաբաչնիկը, չլքեց Ղրիմի նախագահի աշխատակազմի ղեկավար, ԽՍՀՄ նախկին ժողովրդական պատգամավոր Վիկտոր Մինինին։ Եվ, իհարկե, հենց Մինինն էր գլխավոր դեմքը ռուսական այս տանդեմում։
Կրեմլում որոշեցին, որ ամբողջ Ուկրաինան արդեն Ելցինի գրպանում է, ուրեմն ինչո՞ւ Ղրիմն առանձնացնել նրանից։ Ուկրաինայի ղեկավարությանը ոչ ոք չէր խանգարում կարգուկանոն հաստատելու թերակղզում: Մոսկվայի կառավարությանը հետ կանչեցին, Մինինը զբաղվեց բիզնեսով, Մեշկովին տարան թերակղզուց, եւ 50 տարեկանում նա դարձավ դառնացած քաղաքական թոշակառու։
Իսկ հետո պարզվեց, որ «Ուկրաինան Ռուսաստան չէ»։ Բայց դա բոլորովին այլ պատմություն է:
Պատրաստեց Կարինե Դավոյանը