Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում Միացյալ Նահանգների առեւտրի պալատի փոխնախագահ Իրակլի Բայդաշվիլին հայտարարել է, որ 2022-ի վերջին կամ 2023-ի սկզբին կարող են հաստատվել Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ չվերթները:
Կողմերը դա քննարկում էին արդեն մի քանի տարի։ Դեռ 2019-ին այս մասին հայտարարել էր այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն, այնուհետեւ Վրաստան են այցելել ամերիկյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Բայդաշվիլին ասել է, որ հիմնական ակնկալիքն այն է, որ ուղիղ չվերթները կօգնեն ամերիկացի զբոսաշրջիկներին հետաքրքրվել Վրաստանով, եւ այժմ տեղի զբոսաշրջային ընկերությունները պետք է սկսեն նախապատրաստվել դրան։
«Վրացական զբոսաշրջային ընկերությունները պետք է ձեռնամուխ լինեն, որպեսզի երկիրը ներկայացնեն որպես հետաքրքիր զբոսաշրջային վայր եւ վստահելի բիզնես գործընկեր»,- ասել է Ամերիկայի առեւտրի պալատի փոխնախագահը։