Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով՝ «Ընտանեկան միջավայր եւ համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» (FESCCA) ծրագրի շրջանակում։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ Հայաստանում ներդնելու երեխաների համար համայնքային որակյալ խնամք եւ սոցիալական աջակցություն։
Միջոցառումն անցկացվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ, իրականացնողը Վորլդ Վիժն Հայաստանն է՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Ծրագրի իրականացման գործընկերներն են «Հույսի կամուրջ» ՀԿ-ն եւ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։
Համաժողովին մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ անդամ երկրների դեսպաններն ու ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ-ի եւ մարզային իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք եւ հյուրեր։
Ներկայացվեց 2019 թվականից Հայաստանի 6 մարզերում FESCCA ծրագրի արդյունքները։ Ծրագրի աջակցությամբ շուրջօրյա խնամքի հաստատությունների 506 երեխայի եւ նրանց ընտանիքների սոցիալական կարիքներն են գնահատվել։ Արդյունքում երեխաները վերամիավորվել են ընտանիքների հետ։ Նման ավելի քան 200 ընտանիքների հետ իրականացվել է աղքատության փուլային հաղթահարմանն ուղղված միջամտություն։ Այս ընթացքում բազմաթիվ ընտանիքներ հասել են տնտեսական կայունության։
Կարեւորելով նման ծրագրերի իրականացումը` ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ ինչքան էլ խնամքի հաստատությունը լավը լինի, միեւնույնն է, ընտանիքը երեխայի զարգացման համար անփոխարինելի եւ լավագույն միջավայրն է։
«Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել եւ վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգեւ է՝ ի նպաստ ներդաշնակ եւ հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից` այն մնում է ամենաթանկը մարդկության համար։ Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար»,- ասաց Անդրեա Վիկտորինը։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ, երբ խնամքի կենտրոնները լուծարվեցին, եւ փորձ արվեց երեխաներին վերադարձնելու ընտանիք, որոշակի դիմադրություն կար հասարակության կողմից։ «Եկե՛ք հասկանանք, որ բոլոր միջազգային ու հասարակական կազմակերպությունների, անգամ պետության հոգածությունը երբեմն բավարար չէ, որովհետեւ ընտանեկան ջերմությունը տալիս է այն կարեւոր նախադրյալը, որը քաղաքացու դաստիարակության գործում խիստ կարեւոր է։ Մենք պետք է հոգ տանենք, որ երեխան մեծանա ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրի իրավունքը հարգված է»։
Ծրագրի արդյունքում Շիրակի մարզում լուծարված գիշերօթիկ խնամքի երկու հաստատությունների 128 եւ «Թռչունյան տուն» բարեգործական ընկերության 108 երեխաներից 174-ը վերադարձել են ընտանիք։ Մյուսները տեղափոխվել են ճգնաժամային խնամքի հաստատություն, որտեղից փուլային տարբերակով եւս 16-ը մոտ օրերս կվերադառնան աշխատանքի արդյունքում ապահով դարձած ընտանիք։ Գործընթացը շարունակվում է։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։