Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ընդգծել է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձեւաչափ: Ըստ նրա՝ Մինսկի խմբի ձեւաչափը մեռած է, սակայն կարեւոր է պահպանել դրա փաստաթղթային ժառանգականությունը:
«Կարեւոր է պաշտոնապես չհայտարարել այս ձեւաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբն ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, մասնավորապես երեք նախագահների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի։ Այսպիսով՝ փաստաթղթերի ժառանգականություն կա՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարեւոր է չկորցնել»,- ընդգծել է դե Վաալը:
Վերլուծաբանը նշել է, որ այսօր ՌԴ-ի ու ԵՄ-ի հովանավորությամբ ձեւաչափերն ընթանում են զուգահեռ, եւ Բրյուսելը չի ձգտում փոխարինելու Մոսկվայի գործընթացին:
«Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ն, մի փոքր այլ բան է: ԵՄ-ն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերվում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, որոնք չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես, օրինակ, ռուսները կամ Թուրքիան եւ Իրանը»,- շեշտել է դե Վաալը:
Վերլուծաբանն ընդգծել է, որ հակամարտող կողմերն այսօր պատրաստ չեն լիարժեք խաղաղության պայմանագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ, ինչը հատկապես կարեւոր է ԼՂ հայության համար:
Վաշինգտոնի ներգրավվածության առումով դե Վաալը նշել է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արեւմտյան խաղաղ գործընթացին, որը չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։