Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բեռլինում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում Անն Լինդեն հայտնել է, որ հանդիպման հիմնական նպատակն է համոզել Թուրքիային վերանայել դիրքորոշումը Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հարցում: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամների զգալի մասն իր աջակցությունն է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:
Անկարան էլ Շվեդիային եւ Ֆինլանդիային համոզում է վերանայել PKK-ի նկատմամբ դիրքորոշումը
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ պաշտոնական Անկարան իր հերթին համարում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է հստակորեն վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) նկատմամբ:
«Թուրքիայում եւս կա ահաբեկչության խնդիրը, որին արդեն երկար տարիներ է՝ բախվում ենք: Կա կարծիք, որ այս խնդիրը վերոնշյալ երկրներն անհրաժեշտ մակարդակով չեն ընկալում, բավարար ուշադրության չեն արժանացնում»,- նշել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Էֆքան Ալյան:
Նա նշել է, որ շվեդ նախարարը վերջերս այցելել է Քրդական բանվորական կուսակցության կազմակերպած մի միջոցառման:
«Ակնկալում ենք, որ նրանք մեր անվտանգային խնդիրներին կվերաբերվեն նույնքան լուրջ, որքան մենք ենք վերաբերվում այդ երկրների անվտանգային հարցերին»,- հավելել է Ալյան:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար՝ նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցության անդամներին: