Ռուս-ուկրաինական հակամարտության խորապատկերում պարենային անվտանգության մարտահրավերները բազմապատկվել են: ՄԱԿ-ի «Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության» հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն նշել է, որ Հայաստանում պարենային անվտանգության առումով տարին մարտահրավերներով է լինելու, բայց իրավիճակն այնքան էլ սպառնալից չէ։
Կրեմլի նկատմամբ արեւմտյան խիստ պատժամիջոցների հետեւանքով շաբաթներ առաջ Ռուսաստանի կառավարությունը որոշեց մինչեւ օգոստոսի 31-ը արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Սա մտահոգություն է առաջացնում պարենի անվտանգության առումով, որովհետեւ, օրինակ, ցորենի գերակշիռ մասը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։
Վիճակագրական եւ Պետեկամուտների կոմիտեների տվյալների համաձայն` անցած տարի Հայաստանում սպառվել է 367 հազար տոննա ցորեն, որի ընդամենը մեկ քառորդը՝ 97 հազար տոննան է տեղում աճեցվել, մնացածը ներմուծվել է Ռուսաստանից։
Մի շարք պետություններում պարենային անվտանգության ահագնացող խնդրի եւ Հայաստանի վրա դրա ազդեցության մասին մայիսի 13-ին «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում խոսեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Ի՞նչ վիճակում է Հայաստանը պարենային անվտանգության առումով
Մեր երկրում լրջագույն խնդիր է եղել ու մնում պարենային հացահատիկի ապահովումը: Եթե 2000-ականների կեսերին ՀՀ-ում ցորենի ցանքատարածությունները հասնում էին մինչեւ 129 հազար հեկտարի, ապա այսօր դրանք շուրջ 2.5 անգամ կրճատվել են:
Խնդիրներ կան գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման գործում։ Այս տարի ընդգծված կնկատվեն նվազման միտումներ:
Պատճառները տարբեր են. չհաջողվեց մի դեպքում անցած տարվա երաշտի հետեւանքով բավարար քանակությամբ սերմացուի բերք ստանալ, մյուս դեպքում հողում խոնավության բացակայության պատճառով զգալի տարածքներ նախապատրաստել գարնանացանին:
Նաեւ կառավարությունը քայլեր չձեռնարկեց այս տարի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուների մատակարարման ուղղությամբ: Պետք է հաշվի առնվեր անցած տարվա ծանր իրավիճակը եւ որոշակի աջակցություն ցուցաբերվեր։ Քայլ արվել է միայն աշնանացան սերմացուների մատակարարման ուղղությամբ:
Մենք լուրջ խնդիր ունենք անասնապահությանը հատիկային կերերով ապահովելու հարցում, եւ այդ բացը որեւէ կերպ չենք կարող լրացնել: Հետպատերազմյան ժամանակահատվածում ստեղծված դժվարությունները մնացել են. անասնագլխաքանակի զգալի անկում կա: Սրա հետեւանքով նաեւ մթերատվության անկում է նկատվում:
Ո՞րն է մեր գլխավոր խնդիրն, ու ինչպե՞ս այն լուծել
Մեր ծանր խնդիրը մնում է պարենային ցորենի ապահովումը տեղական արտադրության հաշվին:
Եթե մենք տարիներ առաջ ունեինք 40-ից ավելի տոկոս ինքնաբավության մակարդակ, այսօր այն ցածր է 25 տոկոսից, ինչն անընդունելի է, որովհետեւ մեր հանրապետությունում կան բոլոր ռեսուրսները պարենային ցորենի արտադրության ծավալներն էականորեն բարձրացնելու համար:
Ուրեմն նախ պետք է լուծել տեղական սերմնաբուծության կազմակերպումը:
Քայլեր պետք է ձեռնարկել պարարտանյութերի մատակարարման ուղղությամբ, որի համար Կառավարությունը լուրջ միջոցներ է ներդրել: Սակայն այդ ծրագրի մեխանիզմներն իրատեսական ու հստակ չեն: Օրինակ՝ Արարատյան դաշտում համայնքներ կան, որոնք պարարտանյութերի մատակարարումից չեն էլ օգտվել:
Ո՞ր հարցերում են նկատվում լավատեսական միտումներ
Կարելի է կանխատեսել, որ շուկայում կարտոֆիլի պակաս չի լինի։ Կունենանք անհրաժեշտ քանակությամբ բերք, որը կապահովի ոչ միայն մեր ներքին սպառման պահանջները, այլեւ կկարողանանք արտահանել: Լավ բերք կարելի է ակնկալել նաեւ խաղողի այգիներից: Կունենանք ծիրանի միջին բերք, ինչը զգալի քանակությամբ հնարավոր կլինի արտահանել: Նույնը կարելի է ասել դեղձի եւ կեռասի առնչությամբ:
Ապրիլի 13-ի գիշերվա ցրտահարության հետեւանքով Արարատի մարզի որոշ հատվածներում բերքի զգալի կորուստներ գրանցվեցին, բայց մի քանի համայնքներից կարելի է լավ բերք ակնկալել:
Ինչ վերաբերում է բանջարաբոստանային ցանքին ու սածիլմանը, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կապահովվի նախորդ տարվա մակարդակը, գուցե մի փոքր պակաս լինի։
Արարատյան դաշտում ցանքատարածքները որոշ չափով կավելանան։ Դա հիմնականում տեղի կունենա առվույտի ցանքերի հաշվին:
Ի՞նչ է պետք ակնկալել
Ցավով պետք է նշեմ` մեր երկրում տեղական արտադրության պարենամթերքի գները նույնպես կբարձրանան, քանի որ կտրուկ աճել են պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, թունաքիմիկատների, ինչպես նաեւ սպասարկման ու ծառայությունների գները։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ արտադրանքի ինքնարժեքի վրա: