Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առեւտուրն, ամենայն հավանականությամբ, կկրճատվի: Նա նշել է, որ ՌԴ-ի հետ Հայաստանն ունի 2,5 միլիարդ դոլարի միջազգային առեւտուր, որտեղ 800 միլիոն դոլարի արտահանումն է, 1,7 միլիորդ դոլարի՝ ներմուծումը:
«Վերջին 1,5 ամսվա դինամիկ զարգացումների պարագայում առկա տվյալները դեռ քիչ են հեռու գնացող ենթադրություններ անելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, առեւտուրը կկրճատվի»,- ասել է Խաչատրյանը:
Հայաստանի ԿԲ-ն, սակայն, վճարային հաշվեկշռի, կապիտալ հոսքերի, առեւտրային հաշվեկշռի տեսանկյունից դեռ վերջնական գնահատական չի տվել, թե որ ուղղությամբ կլինի զուտ առեւտրի փոփոխությունը: Անդրադառնալով ՌԴ-ի տնտեսության կանխատեսումներին՝ ԿԲ նախագահի տեղակալն ասել է, որ ՌԴ-ի տնտեսության կանխատեսումները մեզ մոտ, բնականաբար, բացասական են:
«Կանխատեսել ենք 8%-ի չափով: Սակայն շատ մեծ, անհասկանալի իրադարձությունների մեջ ենք այդ կանխատեսումն արել, այս պահին հնչում են 10-15%, 6-7%, շատ տարբեր կանխատեսումներ»,- ընդգծել է Խաչատրյանը: Նա հավելել է, որ Ռուսաստանը երկնիշ՝ մոտ 1 % գնաճ ունի, որն արդյունք է մեծ անորոշությունների եւ ռուբլու փոխարժեքի արժեզրկման: Վերջին շրջանում իրավիճակի կայունացման հետ եւ ռուբլու փոխարժեքի առումով փոփոխություններ կլինեն:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ առեւտրին, ըստ Խաչատրյանի՝ այն մոտ է զրոյին, սակայն ծավալներն ինչ-որ կերպ լրացվելու են: Հայաստանն Ուկրաինայի հետ ունի ոչ մեծ ծավալի՝ 160 միլիոն դոլարի առեւտուր, որից 120 միլիոնը ներմուծումն է:
Ներդրումները ՌԴ-ում ոչ միայն չեն կրճատվի, այլեւ զգալիորեն կավելանան
ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է մեծացնելու Մոսկվայի հետ առեւտրի եւ ներդրումների ծավալները՝ ի հեճուկս հակառուսական պատժամիջոցների: Ըստ դեսպանի՝ կողմերն աշխատում են արգելքների վերացման ուղղությամբ:
«Ջանքեր կներդնենք, որպեսզի երկու երկրների առեւտուրն ու ներդրումները նոր պայմաններում ոչ միայն չկրճատվեն, այլեւ զգալի չափով ավելանան»,- շեշտել է դիվանագետը եւ հավելել, որ դրա համար անհրաժեշտ է վերացնել առկա խոչընդոտները երկու երկրների տնտեսական հարաբերությունների ենթակառուցվածքում:
«Ներկայում լուրջ աշխատանք ենք տանում ռուսաստանյան տարբեր պետական կազմակերպությունների հետ: Իրանը եւ Ռուսաստանն այդ հարցում միասնական ըմբռնում ունեն»,- հավելել է Ջալալին: Դեսպանն ընդգծել է, որ Իրանի տնտեսական ներուժի զգալի մասը ներկայում դեմքով շրջված է դեպի Ռուսաստանը: