Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը հանդես է եկել միջուկային գործարքին վերաբերող մի շարք հատուկ առաջարկներով եւ նախաձեռնություններով:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ արտգործնախարարության խոսնակը նշել է, որ առաջարկները փոխանցվել են Իրանի միջուկային ծրագրի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Էնրիկե Մորայի միջոցով։
«Այժմ սպասում ենք իսպանացի դիվանագետի միջոցով Վաշինգտոն փոխանցված առաջարկների պատասխանին։ Մենք կվերադառնանք Վիեննա, եթե Միացյալ Նահանգները արձագանքի իրանական նախաձեռնություններին»,- հայտարարել է Խաթիբզադեն՝ այդ առաջարկների բովանդակությունը չհստակեցնելով։
«ԱՄՆ նախագահ Բայդենն ի վերջո պետք է կողմնորոշվի՝ կատարելո՞ւ է արդյոք միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, թե՞ շարունակելու է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։