ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2021-2022 ուսումնական տարվա ավարտը բոլոր հնգօրյա աշխատող հաստատություններում ակնկալվում է այս տարվա հունիսի 3-ին, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունեցող հաստատություններում՝ հունիսի 6-ին: Այդ օրերին տեղի կունենա նաեւ վերջին դասի արարողությունը: Նա ասել է, որ պարզ են չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը, նախատեսված է մայրենիի եւ մաթեմատիկայի գրավոր քննություններն անցկացնել հունիսի 10-ին եւ 13-ին:
Ըստ փոխնախարարի՝ այս տարի 9-րդ դասարանում կլինի երկու կենտրոնացված քննություն՝ «Հայոց լեզու եւ գրականության» եւ «Մաթեմատիկա»: Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը՝ հունիսի 30-ին: Հունիսի 8-ից սկսվում են նաեւ մնացած առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն հենց դպրոցներում:
Ժաննա Անդրեասյանը նաեւ նշել է, որ 12-րդ դասարանում «Հայոց լեզու եւ գրականության» ավարտական քննությունը հունիսի 8-ին է, «Հայոց պատմության» քննությունը՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկայի» քննությունը՝ հունիսի 22-ին:
Փոխնախարարը նշել է, որ այս տարի ակնկալում են ունենալ 12-րդ դասարանն ավարտող շուրջ 21 հազար շրջանավարտ, 9-րդ դասարանը կավարտի 34500-ից ավելի աշակերտ:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ԿԳՄՍ նախարարության՝ դպրոցական քննություններին առնչվող առավել կարեւոր մանրամասները, որոնք «Ալիք Մեդիա»-ն հրապարակել էր մարտի 30-ին:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգումը՝ հունիսի 10-21-ը
«Մայրենի» (գրավոր, թեստ)՝ հունիսի 10-ին, «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ)՝ հունիսի 13-ին։
«Մայրենի» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննություններին տրվում է 60-ական րոպե։
9-րդ դասարանում քննությունները՝ հունիսի 8-30-ը
Կենտրոնացված ավարտական քննություններ «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից՝ հունիսի 28-ին եւ 30-ին։
«Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված քննությունների տեւողությունը՝ 120-ական րոպե։
«Հայոց պատմություն» (բանավոր)՝ հունիսի 8-ին, «Գրականություն» (բանավոր)՝ հունիսի 13-ին, Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր)՝ հունիսի 16-ին։
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ)՝ հունիսի 23-ին, «Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ)՝ հունիսի 28-ին, «Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ)՝ հունիսի 30-ին, «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում՝ հունիսի 7-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում։
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները՝ հունիսի 8-22-ը
«Հայոց լեզու» (գրավոր)՝ հունիսի 8-ին, «Հայոց պատմություն» (գրավոր)՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկա» (գրավոր)՝ հունիսի 22-ին։
«Հայոց պատմություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննությունների տեւողությունը՝ 120-ական րոպե։
Ուսումնական հաստատություններում ավարտական եւ պետական քննությունները կսկսվեն 10։00-ին։ Սովորողներն ուսհաստատություն պետք է ներկայանան 9։00-ին։ Կենտրոնացված ավարտական քննությունը կսկսվի 11։00-ին։
«Ռուսաց լեզու» եւ «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկաները՝ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուսաց լեզու» (բանավոր), ինչպես նաւեւ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար «Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր) առարկաները՝ քննաշրջանի ընթացքում։
Բոլոր գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորանոց համակարգով։