Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 16-ին վարչապետ է նշանակել աշխատանքի, գործազրկության եւ ինտեգրացիայի հարցերով նախկին նախարար 61-ամյա Էլիզաբեթ Բորնին։ Նա Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ կինն է, որ ստանձնում է կառավարության ղեկը։
Ֆրանսիական լրատվամիջոցները նոր վարչապետին բնութագրում են որպես Ելիսեյան պալատի լիակատար վստահությունը վայելող արհեստավարժ տեխնոկրատ։ Մակրոնի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Բոռնը ղեկավարել է տրանսպորտի նախարարությունը՝ իրականացնելով մի շարք վիճահարույց բարեփոխումներ։
Ակնկալվում է, որ այժմ էլ որպես վարչապետ Բոռնը կյանքի կկոչի Մակրոնի խոստացած փոփոխությունները կենսաթոշակային համակարգի բարելավման, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ուղղությամբ։ Նորանշանակ վարչապետն առաջիկայում պետք է հայտարարի նոր կառավարություն ձեւավորելու մասին։
Ի դեպ, Ֆրանսիայի առաջին կին վարչապետի պաշտոնն ընդամենը 10 ամիս՝ 1991-ի մայիսի 15-ից մինչեւ 1992-ի ապրիլի 2-ը, նախագահ Ֆրանսուա Միտտերանի օրոք զբաղեցրել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ, Peugeot գործարանի արտահանման գծով տնօրեն 57-ամյա Էդիթ Կրեսոնը, որին այնուհետեւ փոխարինեց Պիեռ Բերեգովուան: