Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում նախօրեին ուշ երեկոյան առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ նախագահը մասնավորապես նշել է, որ Երեւանն ու Մոսկվան մշտական կապի մեջ են երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար: ՌԴ նախագահը հավելել է, որ եռակողմ ձեւաչափով՝ Ադրբեջանի գործընկերների հետ միասին ակտիվորեն շարունակվում են աշխատանքները ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ:
Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ ՌԴ նախագահի հետ բովանդակալից խոսակցություն են ունեցել ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպման ընթացքում: Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներդրումային հետաքրքրություն է տեսնում ռուսական բիզնեսի կողմից: Նա համոզմունք է հայտնել, որ այս հարցում ՌԴ նախագահը եւս քաջալերում է ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում:
«Իհարկե, հույս ունեմ, որ կքննարկենք նաեւ տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերակատարման վերաբերյալ հարցեր»,- ընդգծել է Փաշինյանը: