Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը ներկայացնող 14 մարզիկ:
Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը նշել է, որ արդյունքներն առավել քան գոհացնող են: Նա հավելել է, որ մեր մարզիկները, որոնցից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ եւ ձախ ձեռքերով։
Ըստ ֆեդերացիայի նախագահի՝ հատկապես ոգեւորել է Արցախյան երկրորդ պատերազմում հաշմանդամություն ստացած Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը։ Ստեփանյանը շեշտել է, որ Սարգիսն աջ ձեռքի մրցումում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: