Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Նա հավաստիացրել է, որ չլուծված հարցերը զուտ տեխնիկական եւ տնտեսական բնույթի են:
Բորելը խոստովանել է, որ դժվարություններն առնչվում են ռուսական նավթի ներմուծման էմբարգո սահմանելու մտադրության հետ: Անդրադառնալով պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման ժամկետներին՝ բարձրագույն հանձնակատարը հավելել է, որ չգիտի՝ որքան ժամանակ կպահանջվի դրա համաձայնեցման համար:
Նա շեշտել է, որ ԵՄ խորհուրդը արտգործնախարարների մակարդակով չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար երկրներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հնարավորությունը:
Անդրադառնալով Արեւմտյան Բալկանների երկրներին՝ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-իհամար անթույլատրելի է ՌԴ-ի նկատմամբ նրանց չեզոք դիրքորոշման պահպանումը: Նա հիշեցրել է, որ Եվրամիությանը անդամակցել հավակնող բոլոր երկրները պետք է ներդաշնակեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ: Ըստ Բորելի՝ ԵՄ-ի հակառուսական միջոցառումներին հիմնականում միանում են տարածաշրջանի բոլոր երկրները՝ բացառությամբ Սերբիայի:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում սկսի անդամակցության շուրջ բանակցությունները Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ, քանի որ դրա ձգձգումը խիստ վնասում է ԵՄ-ի իմիջին:
Ավելի վաղ Բորելը նշել էր, որ որեւէ երաշխիք չկա, որ Եվրամիությունն ի վիճակի կլինի համաձայնեցնելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հերթական հավաքից առաջ նա շեշտել է, որ դիվանագիտական փակուղու պատճառը ԵՄ անդամ որոշ պետությունների կոշտ դիրքորոշումն է։