ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրիում էր: Նա հանդիպում-քննարկում ունեցավ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում (LEAD4Shirak)» ծրագրի շրջանակում ձեւավորված երեք Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) անդամների հետ։
Ծագիրը մեկնարկել էր այս տարվա սկզբից:
Լայնամասշտաբ նախաձեռնությունը ֆինանսավորում են Եվրոպական միությունը եւ Ավստրիական զարգացման համագործակցությունը, իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը։ Ծրագիրը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։
Զարգացման ծրագիրը քառամյա է՝ մոտ 5 միլիոն եվրո բյուջեով։ Նախատեսվում է Շիրակի մարզում ստեղծել 50 աշխատատեղ, 75 ֆինանսավորված նախաձեռնություն՝ 5500 շահառուների ներգրավմամբ։ Որպեսզի նախաձեռնությանը ծրագիր ներկայացնեն եւ ֆինանսավորում ստանան, գյուղական համայնքների ներկայացուցիչները պարտադիր պայմանի պետք է հետեւեն. այն բացառապես պետք է վերաբերի գյուղական համայնքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը։ Առանցքային են բնապահպանությունը եւ կանանց մասնակցության խթանումը։
Գործընկերության հուշագիր է կնքվել Շիրակի մարզի 29 բնակավայրի 61 անդամի հետ։ Համայնքներում դեռ ամիսներ առաջ կազմավորվել են ՏԱԽ-ի խորհուրդներ։ Գործում են նաեւ պաշտոնական խմբեր, որոնք իրականացնում են ներքին կառավարում։ Ծրագրի պատասխանատուները մասնակիցներին մենակ չեն թողնում, հաճախակի այցերով եւ մասնագիտական խորհուրդներով նրանց կողքին են:
Շիրակ ՏԱԽ-ի անդամ, Բասեն բնակավայրի վարչական ղեկավար Համլետ Պետրոսյանին ոչ միայն մարզում, այլեւ հանրապետությունում շատերն են ճանաչում որպես նորարարական գաղափարների ջատագով: Պետրոսյանը սիրով է ներգրավվել ծրագրում: Վստահ է, որ այսպիսի նախաձեռնությունները գյուղական բնակավայրի զարգացման լայն հնարավորություն են տալիս: Ասում է՝ համայնքն էլ պետք է իր հերթին պատրաստակամ լինի զարգացնելու տեղական բիզնեսը, ստեղծի հավելյալ արտադրանք եւ աշխատատեղեր: Գյուղում հանդիպումներ է կազմակերպել, ուսումնասիրություններ կատարել եւ առանձնացրել մի քանի ուղղություն՝ բիզնես, ուսուցում, գյուղատնտեսություն եւ տուրիզմ:
«Անկախ նրանից՝ կունենանք բոլոր ոլորտներում ֆինանսավորում, թե ոչ, գաղափարների մեկտեղումը օգնելու է համայնքի զարգացմանը: Ծրագիր ենք ներկայացնելու ոռոգման ցանցի անցկացման, ջերմատնային տնտեսության, անասնապահության, անասնակերի արտադրության ուղղություններով»,- ասում է Համլետ Պետրոսյանը։
Քննարկման ընթացքում ՏԱԽ-ի անդամները հնարավորություն ունեցան մտքեր փոխանակելու դեսպանի հետ Հայաստանում գյուղական համայնքների զարգացման գործում ԵՄ ներդրումների վերաբերյալ:
Տիկին դեսպանը վստահեցրեց, որ տարածաշրջանային համաչափ զարգացումը եւ անբարենպաստ պայմաններում գտնվող տարածքների առաջխաղացումն իրենց առաջնահերթություններից են։ «Եթե դուք պատասխանատու եք ձեր միջավայրի համար, ապա արդյունքի կհասնեք, ձեր գործոնը կարեւորագույններից է: Գաղափար եւ ծրագիր ներկայացնելուց առաջ լա՛վ ուսումնասիրեք՝ արդյոք իրատեսական է այն, եւ թե որքանով է նպաստելու ձեր իսկ համայնքի ընդհանուր շահերին: Ես ուզում եմ արդյունք տեսնել՝ վերամշակված աղբ, արեւային կայաններ, զարգացած տուրիզմ: Դա ունենալու համար նախեւառաջ պետք է կրթել մարդկանց»,- ասաց Անդրեա Վիկտորինը եւ վստահեցրեց, որ Եվրոպական միությունը հանձնառու է շարունակել ներդրումները Հայաստանում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։