Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետաղագործական կոմբինատի տարածքում պատերազմի առաջին օրերից դիրքավորված ուկրաինացի զինծառայողները դուրս են եկել նկուղներից: Այսպիսով՝ Մարիուպոլն ամբողջությամբ անցել է ռուսների հսկողությանը:
Ուկրաինացի զինծառայողները, որոնցից շատերը վիրավոր են, հինգ ավտոբուսով ռուսական բանակի ուղեկցությամբ մեկնել են Նովոազովսկ:
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը, Ազգային գվարդիան եւ Սահմանապահ ծառայությունը համատեղ սկսել են «Ազովստալի» գործարանի տարածքից 53 վիրավորներին Նովոազովսկ փոխադրելու գործողությունը, եւս 211-ը մարդասիրական միջանցքով տեղափոխվել են Օլենիվկա: Փոխնախարարը շեշտել է, որ նրանց վերադարձի համար փոխանակման գործընթաց կլինի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ կարեւորը զինծառայողների կյանքն է. Ուկրաինային կենդանի հերոսներն են պետք: Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի հետախուզությանը, բանագնացներին, Կարմիր խաչին եւ ՄԱԿ-ին: Զելենսկին շեշտել է, որ շարունակվում է զինծառայողներին տուն վերադարձնելու աշխատանքը, որը նրբանկատություն եւ ժամանակ է պահանջում: