Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցված են, եւ հավելել, որ դրա համար մի շարք պատճառներ կան: Պոդոլյակը նշել է, որ պատճառներից մեկն էլ արդի աշխարհում տեղի ունեցող գործընթացներն ըմբռնելու Ռուսաստանի անընդունակությունն է եւ ծայրահեղ բացասական դերակատարումը:
Մյուս պատճառն այն է, որ Մոսկվայում չեն հասկանում՝ ցանկացած առումով պատերազմն արդեն Ռուսաստանի կանոններով կամ ծրագրերով չի ընթանում: Պոդոլյակը շեշտել է, որ Ուկրաինայի դիմադրությունը գնալով աճում է, հետեւաբար ՌԴ-ն իր ոչ մի նպատակին էլ չի հասնի:
Բանակցությունների դադարեցման երրորդ պատճառ Պոդոլյակը, թերեւս, համարում է այն, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել ներքին սպառման քարոզչական գործելաոճից, դա է պատճառը, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը վախենում է ճշմարտությունն ասելուց: Պոդոլյակնը նշել է, որ հիմա արդեն Մոսկվան պատերազմից ուզում է դուրս գալ բոլորովին այլ պայմաններով, քան սկզբից հայտարարել էր, հետեւաբար նախընտրում է բանակցությունները շարունակել, որը նրան պետք է իբրեւ քարոզչական տարր՝ ներքին սպառման համար:
Պոդոլյակը համոզված է, որ Ռուսաստանն ուզում է միջազգային տնտեսական պատժամիջոցների բոլոր փաթեթները տեսնել գործողության մեջ, վերջնականապես հասկանալ իր բանակի իրական «մարտունակությունը» ու բոլորովին զրոյացնել իր չեղած վարկանիշը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ռազմավարությունն «ամեն ինչ կամ ոչինչ»-ն է: Դրա համար էլ, ըստ Պոդոլյակի՝ իմաստ չունի խանգարելու այդ տարօրինակ կայսրության կործանմանը:
«Այսօր առհասարակ խոսքը ուկրաինական պատվիրակության՝ բանակցային գործընթացից դուրս գալու կամ չգալու մասին չէ, խոսքը միայն ներկա փուլում նպատակահարմարության ու որորշակիության մասին է»,- ամփոփել է Պոդոլյակը:
Զենքի մատակարարումը ձգձգում է հակամարտության կարգավորումը. Ռուդենկո
Մայիսի 18-ին առավոտյան ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Նիժնի Նովգորոդում «Վալդայ» ակումբի կազմակերպած համաժողովում հայտարարել է, որ Կիեւը չի մասնակցում բանակցային գործընթացին:
«Բանակցությունները չեն շարունակվում, Ուկրաինան գործնականում դուրս է եկել այդ գործընթացից, Կիեւը չի պատասխանել Ռուսաստանի առաջարկած պայմանագրի նախագծին»,- ասել է Ռուդենկոն: Նա խոսել է նաեւ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային զենք գնելու համար եւս կես միլիարդ եվրո տրամադրելու ԵՄ արտգործնախարարների որոշման մասին:
«Զենք գնելու համար ֆինանսական միջոցների տրամադրումը եւ բուն զենքի մատակարարումը ձգձգում են այս հակամարտության կարգավորումը, եւ այդ հանգամանքը մեր ղեկավարությունը բազմիցս է նշել»,- շեշտել է Ռուդենկոն:
Մայիսի 16-ին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրոպական միության Խորհուրդը Բրյուսելում որոշել է եւս 500 միլիոն եվրո տալ Ուկրաինային:
Դրանով զենք ձեռք բերելու համար Եվրամիության կողմից Կիեւին տրամադրած ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը հասնում է 2 միլիարդ եվրոյի: