Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի սահմանին՝ Աղավնո գյուղի մոտակայքում, էլեկտրասյուներ է դնում։ Բաքուն իր վերահսկողության տակ անցած ՀԷԿ-ից էլեկտրահաղորդալարերի գիծ է կառուցում։ Ադրբեջանցիները ցանկացել են միջանցքում, ժայռոտ տարածքը շրջանցելով, մի քանի էլեկտրասյուն տեղադրել, սակայն բանակցություններից հետո հետ են քաշվել։
Աղավնոյի գյուղապետ Գեւորգ Չավուշյանը նշել է, թե պայմանավորվածություն կար, որ Ադրբեջանը աշխատանքներն անի միջանցքից դուրս՝ իրենց վերահսկողության տակ եղած սարի վրայով, սակայն, փորձելով շրջանցել մի մասում եղած ժայռոտ տարածքը (150-200 մ), հայտնվել են միջանցքում։ Չավուշյանը չի բացառում, որ ադրբեջանցիները միջանցք են մտել պատահաբար։
Նա ընդգծել է, որ իրենք խաղաղապահների հետ բանակցել են, որից հետո ադրբեջանցիները հետ են քաշվել դեպի սահմանագիծ, որն անցնում է սարի վրայով։
Ադրբեջանը Հայաստանից Արցախ այլընտրանքային ճանապարհ է կառուցում, որը շրջանցում է Բերձոր քաղաքն ու Աղավնո գյուղը։ Բաքուն նախատեսում է, որ նոր ճանապարհով երթեւեկության սկսվելուց հետո երկու բնակավայրն էլ կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հայկական կողմը դեռեւս այս ամենը չի մեկնաբանել։