Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Անդրկովկասում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան — Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձեւաչափով աշխատանքը պահպանվում է, երկրորդ նիստի անցկացման նախապատրաստությունն ընթացքի մեջ է։
Ռուս դիվանագետը նշել է, որ այդ ձեւաչափը պահանջված ու հեռանկարային մեխանիզմ է։ Մոսկվան մտադիր է այն ակտիվորեն օգտագործելու Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարեւանների փոխգործակցության զարգացման համար:
«Այս փուլում ընթանում են ձեւաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Ակնկալում ենք այն անցկացնել մինչեւ առաջին կիսամյակի ավարտը»,- նշել է փոխնախարարը։
Հարթակը նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությունը: Սակայն Թբիլիսին դեռեւս հրաժարվում է նախաձեռնությանը միանալուց։ Առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին՝ «3+2» ձեւաչափով: