ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը դուրս է գալիս Բալթիկ ծովի պետությունների խորհրդից (ԲԾՊԽ), բայց դա չի ազդի տարածաշրջանում նրա ներկայության վրա:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղերձ է հղել ԲԾՊԽ-ի անդամ երկրների նախարարներին, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատարին, ինչպես նաեւ Ստոկհոլմում Խորհրդի քարտուղարությանը՝ ծանուցելով կազմակերպությունից դուրս գալու մասին:
Միաժամանակ ՌԴ Դաշնային ժողովում որոշում է ընդունվել Բալթիկ ծովի խորհրդարանական խորհրդաժողովի կազմից դուրս գալու մասին:
«Բալթիկայից Ռուսաստանը դուրս մղելու փորձերը ձախողման են դատապարտված: Կշարունակենք աշխատել պատասխանատու գործընկերների հետ, միջոցառումներ անցկացնել Բալթյան տարածաշրջանի՝ մեր ընդհանուր սեփականության զարգացման հանգուցային հարցերի շուրջ, պաշտպանել հայրենակիցների շահերը»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ում շեշտել են, որ արեւմտյան երկրները «մոնոպոլիզացրել են Խորհուրդն իրենց կոնյունկտուրային նպատակներով, ծրագրեր են կազմում նրա աշխատանքը կազմակերպել ի վնաս ռուսաստանյան շահերի»: