Ըստ աֆղանական The Khaama Press գործակալության՝ 2021-ի օգոստոսի 15-ից իշխանության գլուխ անցած «Թալիբան» շարժման կառավարությունը ցրել է մի շարք պետական, ներառյալ ներկայացուցչական մարմիններ: Գործակալությունը հրապարակել է թալիբների կաբինետի վարչապետ Մոհամադ Հասան Ախունդի ստորագրությամբ համապատասխան փաստաթղթի լուսանկարը:
Թալիբները, մասնավորապես, արձակել են Ազգային ժողովը, ցրել են Ազգային անվտանգության, ինչպես նաեւ Ազգային հաշտության բարձրագույն խորհուրդները, լուծարել Մարդու իրավունքների, Սահմանադրության վերանայման հանձնաժողովներն ու խորհրդարանի երկու պալատների քարտուղարությունները:
The Khaama Press-ի տվյալներով՝ բուն որոշումն ընդունել է «Թալիբանի» գերագույն առաջնորդ մոլլա Խիբաթուլլա Ախունդզադան: Դրա հետ մեկտեղ շարժումը պահպանել է Սահմանադրության կատարման վերահսկողության գործող անկախ հանձնաժողովը: «Խաշտ է սուբհ» պարբերականի տվյալներով՝ պետական մարմինների ցրումն առնչվում է բյուջեի մշակման եւ ընդունման աշխատանքի հետ:
Դրա ընթացքում քննարկվել են պետական ապարատի բարենորոգումները, դրանց թվում ֆինանսավորում պահանջող մի շարք ինստիտուտների լուծարումը կամ աշխատանքի դադարեցումը: «Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանը ԱՄՆ-ի կողմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: