ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը թույլ չի տա՝ Ուկրաինայի զենքն ու տեխնիկան սպառվեն Դոնբասում ընթացող պատերազմի կարեւոր պահին:
Նա հիշեցրել է, որ մայիսի 16-ին ԵՄ արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել խաղաղության եվրոպական հիմնադրամից եւս 500 միլիոն եվրոյի հատկացմանը Ուկրաինային զենք մատակարարելու համար՝ այդ նպատակների համար տրամադրված ընդհանուր գումարը հասցնելով 2 միլիարդ եվրոյի։
Բորելն ընդգծել է, որ տեխնոլոգիաների ոլորտում Ուկրաինայի ռազմական կորուստները փոխհատուցելու եվրոպական ջանքերը սրանով չեն սահմանափակվելու։ «Սրանից դուրս պետք է հաշվի առնենք նաեւ այն երկկողմանի մատակարարումները, որոնք իրականացնում են ԵՄ երկրները, դրանց ընդհանուր ծավալը չեմ նշի, բայց այն շատ մեծ է»,- ասել է Բորելը՝ եւս մեկ անգամ հաստատելով Ուկրաինայի ռազմական հաղթանակն ապահովելու ցանկությունը։
Բորելը մանրամասնել է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ստեղծել են առանձին համատեղ թիմ՝ օգնելու համար հետաքննել Ուկրաինայում ռազմական հանցագործությունները։ Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ, ԵՄ-ն ունի անհրաժեշտ կարողություններ զենքով Ուկրաինայի անդադար մատակարարման համար:
Եվրամիության քաղաքացիական խորհրդականների խումբը վերադարձել է Կիեւ սահմանների հսկողության կազմակերպմանը եւ պատերազմական հանցագործությունների հետաքննությանը նպաստելու համար:
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն իր հերթին հայտարարել է, որ ԳԴՀ-ի նպատակը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությունն է: Բերբեքը շեշտել է՝ ամեն ինչ արվում է, որ մարդիկ Ուկրաինայում, ինչպես նաեւ Եվրոպայում, կրկին կարողանան ապրել խաղաղության, ազատության եւ անվտանգության պայմաններում:
Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան եւ նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբան մայիսի 17-ին ժամանել են Հաագա՝ քննարկելու Կիեւին զենք մատակարարելու եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը։ Դիվանագետները քննարկել են նաեւ ուկրաինական ռազմական հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող ռուսաստանցիների դատական հետապնդումը։
Կուլեբան կհանդիպի նաեւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի, պաշտպանության եւ ֆինանսների նախարարների եւ այլ պաշտոնատար անձանց հետ։