Լոռու մարզի «ճանապարհ չունեցող» բնակավայրերից մեկն է Կաճաճկուտը։ Հինգ տարի առաջ գյուղն Ալավերդի քաղաքին միացավ, սակայն քաղաք տանող ճանապարհը դարձյալ մնաց անմատչելի։ Մեքենա ունեցող գյուղացիները շատ չեն տրտնջում․ վնասներ կրում են, բայց քաղաքի հետ կապված գործերը չեն տուժում։ Մյուսների հույսն էլ քաղաք գնացող-եկող հարեւաններն են:
Երեք տարի առաջ Կաճաճկուտի կենտրոնում կառուցված կանգառը գյուղացիներին հուսադրել է՝ երթուղայինն էլ շուտով գյուղ կհասնի։ Մինչեւ հիմա սպասում են։
«Եկան, ասեցին՝ տրանսպորտ ենք տալու, կանգառն էլ սարքեցին, բայց մինչեւ հիմա տրանսպորտ չկա։ Սեփական ավտոները որպես տաքսի ծառայում են գյուղացիներին։ Ալավերդուց Վանաձոր 700 դրամ է, Ալավերդուց Կաճաճկուտ՝ 500։ Ամեն ամիս ավտոյի «ռեզինեղեն» ենք փոխում, շարքից դուրս է գալիս»,- նեղսրտելով պատմում է Կաճաճկուտի բնակիչ Սեյրան Պողոսյանը։
«Ամբողջ կյանքը քաղաքում աշխատած» Վազգեն Թամազյանն էլ խորհրդային տարիներն է հիշում, երբ օրը երեք անգամ ավտոբուսն իրենց գյուղ էր գալիս։ Հիմա ամիսներով, անգամ տարով «քաղաքի երես չի տեսնում»։
2019 թվականին Ալավերդիում եւ գյուղական բնակավայրերում համայնքապետարանը տասը կանգառ է կառուցել՝ ծախսելով 2,6 մլն դրամ։ Համայնքապետարանի ֆինանսների, ծրագրերի եւ գնումների բաժնից «Ալիք Մեդիա»-ին տեղեկացրին՝ սուբվենցիոն ծրագրով կառուցված կանգառների համար համայնքի բյուջեից 1,23 մլն դրամ է հատկացվել, իսկ 1,37-ը պետության ներդրումն է։
Եվ Կաճաճկուտը միակ բնակավայրը չէ, որ կանգառ ունի, բայց երթուղային՝ ոչ։ Նույն բանը Ջիլիզայում եւ Մադանում է։
Ավելի շատ մետաղական ծածկ, քան կանգառ հիշեցնող կառույցներից մեկն էլ Ալավերդուն է բաժին հասել։ Բայց դրանից ոչ թե քաղաքացիներն են օգտվում, այլ մասնավոր տաքսիների վարորդները․ արդեն մի քանի տարի է՝ կանգառը նրանց նստավայրն է դարձել։
Պետություն-համայնք համատեղ ներդրումներով համայնքապետարանը հավանաբար փորձել է ապահովել միավորված բնակավայրերի համաչափ զարգացումը։ Բայց սայլը ձիուց առաջ դնելով՝ պարզապես գումար է վատնել։
Ալավերդի-Կաճաճկուտ ճանապարհը 12 կմ է, որի կեսը՝ Աքորի-Կաճաճկուտ հատվածը, անբարեկարգ է, իսկ ձմռանը դառնում է անանցանելի։ Կաճաճկուտից ընտրված ավագանու անդամ Արթուր Դավթյանը պատմում է, որ գյուղի շատ խնդիրներ փորձում են նաեւ սեփական ուժերով լուծել։ Այլապես գործն առաջ չի գնա։
«Ձյան դեպքում ճանապարհը կարողանում ենք մաքրել, եթե վառելիք է լինում։ «Ստալինեց» տրակտոր ունենք, որով ներհամայնքային եւ սար տանող ճանապարհներն էլ հարթ ենք պահում։ Տարվա մեջ մարզպետարանը Աքորի-Կաճաճկուտ հատվածի ամառային սպասարկման գումար է տրամադրում, «Թումանյան ճանշինը» կատարում է սպասարկումը, բայց մի անձրեւից նորից կարող է փչանալ։ Ձմեռվա սպասարկման համար վճարում չկա, դա մենք ենք անում, համայնքապետին ենք խնդրում։ Ինչքան գումար համայնքն է տրամադրում, էնքան էլ մենք ենք կողքից հայթայթում, որ խոտհարքներ, սար տանող ճանապարհները հարթացնենք»,- ասում է Դավթյանը։
Ճանապարհը գյուղի առաջնային, բայց միակ խնդիրը չէ։ Գազաֆիկացում չունեցող Կաճաճկուտում լուրջ է փայտի հարցը։ Անտառը կա, բայց չեն թողնի փայտ բերես․ հերթական դժվարությունից են խոսում տեղացիները։
Անվերջ «չկա»-ների եւ չլուծվող խնդիրների կողքին հողերի սեփականաշնորհման հարցն է, որ տարիների վաղեմություն ունի։ Համայնքի սեփականություն համարվող հողերը գյուղացիներն օգտագործում են վարձակալությամբ։ Գյուղը սողանքային գոտում է, հողերի սեփականշնորհման հարցն առկախ է հենց այս պատճառով։
«Էս պահին 3 տարով վարձակալության պայմանագրեր ունենք համայնքի հետ կնքած, բայց չես իմանա՝ վաղը, մյուս օրը, երբ նորից խոշորանա համայնքը, ինչ կլինի։ Կարող է փողատեր մեկը գա, ասի՝ ես եմ վարձակալում։ Մտավախություն ունեմ, որ կարող է ցավոտ խնդիր առաջանալ»,- ասում է ավագանու անդամը։
Իսկ Կաճաճկուտի վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանը նշում է՝ նաեւ տնամերձների առնչությամբ է նույն խնդիրը եղել, որը հօգուտ գյուղացիների լուծվել է։
«2006-ին գյուղապետի ջանքերով դրանք սեփականաշնորհվեցին, որ նոր սողանքի դեպքում գոնե որեւէ կերպ փոխհատուցում ստանան մարդիկ։ Կառավարության որոշումով պետությունը նվիրատվության ձեւով հողերը տվեց գյուղացիներին»,- տեղեկացնում է Թամազյանը, որ այդ ժամանակ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարն է եղել։
Կաճաճկուտը գյուղատնտեսական նշանակության 1217 հա հողատարածք ունի, որից 940-ը արոտավայր է, 88-ը՝ խոտհարք։ Բայց գյուղի 119 հա վարելահողն էլ, ըստ վարչական ղեկավարի, որպես խոտհարք է օգտագործվում․ սողանքի վտանգի պատճառով ոռոգումը միշտ արգելված է եղել, այդ պատճառով մարդիկ թողել են, չեն մշակում։
«Խոտհարքներում հնձելը, հավաքելը, ամբողջ աշխատանքը ձեռքով են։ Դրսից եկող տրակտորները մեծ գումարներ են ուզում։ Անասուն պահողի համար էլ դա է խնդիր։ Քսանից ավելի անասուն ունեցող մի քանի ընտանիք ունենք, այսինքն՝ ֆերմեր չկա գյուղում։ Վերջին մեկ-երկու տարում ոչխարաբուծությունը հետ մղվեց, որովհետեւ չոբան գնացող չկա»,- մեկ առ մեկ խնդիրներն է ներկայացնում Ռուզաննա Թամազյանը։
«Կաթ մթերող չկա մեզ մոտ, հավաքող չկա, չեն գալիս, ասում են՝ հեռու է։ Հետո արժեքը ցածր է շատ։ Հիմա շատ են ասում՝ մի լիտր հանքային ջուրը 250 դրամ է, կաթը՝ 120։ Անասնակերն է շատ թանկ, մսավաճառն ավելի շատ եկամուտ է ստանում, քան գյուղացին։ Մարդիկ գերադասում են իրենք տանեն, վաճառեն իրանց արտադրանքը»,- անասնապահության դժվարություններն է թվարկում Սեյրան Պողոսյանը։
Գյուղի մարդիկ որպես առաջնահերթ խնդիր շրջակայքի աղտոտվածությունից չեն խոսում։ Բայց ակնհայտ է՝ Կաճաճկուտում աղբահանություն չի կատարվում։
«Գոմաղբն այգիներում են սպառում, թղթերը՝ այրում, առանձնապես աղբ չի կուտակվում, որ խնդրի առաջ կանգնենք»,- վարչական ներկայացուցիչն է ասում, ապա ավելացնում՝ եթե արկղեր դնեն, աղբահան մեքենայի՝ գյուղ գալու անհրաժեշտություն է լինելու։ Իսկ հողի հարկը մի կերպ տվող գյուղացին, Ռուզաննա Թամազյանի պնդմամբ, կոմունալ վճարում չի անելու։
Ալավերդի համայնքի՝ դեռ նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերից մեկը Կաճաճկուտում այս տարի է իրականացվել։ Գյուղի կենսական նշանակության խնդիրներից մեկն են փորձել լուծել՝ ավելի շատ տնտեսությունների խմելու ջուր հասցնելու նպատակով։ Եվս մեկ թաղամասի ջրամատակարարման ցանց է կառուցվել, բայց ջրի պաշարները սակավ են։
2008-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ խմելու ջրով ապահովված 65 տնտեսությունների թիվը 85 կդառնա, եթե նորակառույց ջրագիծ մտնի կենարար հեղուկի անհրաժեշտ քանակը։
«Նաեւ հին ջրագծերն ենք նորոգել, երկաթի խողովակ է եղել, փոխարենը պլաստմասսա ենք գցել։ Ուզում ենք մի քանի աղբյուր միացնենք ջրագծին, որ ջրի քանակը հերիքի, եւ մի թաղամաս էլ ջրով ապահովենք։ Բացի այդ՝ բնական աղբյուրները սողանքի առաջացման լուրջ պատճառ են: Եթե դա մղվում է խողովակներ, ջրագիծ, ինչ-որ չափով առաջն առնում ենք սողանքի»,- ասում վարչական ղեկավարն ու նաեւ նշում՝ տեղումների քանակն է խիստ նվազել, բնական աղբյուրներից գյուղի երկու ջրավազան գրեթե ջուր չի մտնում։
«Ամբողջը խնդիր է, բայց 2022-ին էլ խմելու ջրի հարց ենք լուծելու։ Ու վախենամ՝ էլի չպրծնենք էդ ջրի խնդրից։ Մեծ փաթեթ ենք ներկայացրել սուբվենցիոնի համար, բայց էս պահին չգիտենք, դե 8 գյուղ ա, հավասար բաշխելու դեպքում չգիտենք մեզ ինչքան կհասնի»,- երկմտելով ասում է ավագանու անդամ Արթուր Դավթյանը, ապա ավելացնում՝ մի խնդիրը մեկ տարում չես կարողանում լուծել, վերջացնել ու հաջորդ տարի մեկ այլ բան անել։
Համայնքների խոշորացումից հետո ավագանի ընտրված Արթուր Դավթյանը դեմ է խոշորացման գործընթացին, ավելի ճիշտ՝ քաղաքի եւ գյուղերի միավորմանը։ Մինչդեռ կառավարությունը հինգ տարի առաջ խոշորացված Ալավերդի համայնքը նոր խոշորացման է տանում։
Իսկ Կաճաճկուտը քաղաքին միացած չզարգացող գյուղի վառ օրինակ է, որի խնդիրները տարեցտարի ավելանում են, բնակչության թիվը՝ նվազում։ Գյուղը 340 մշտական բնակիչ ունի, եւ 200-ն էլ մշտական հեռացել կամ երկարատեւ բացակայում են։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։