Ֆինլանդիան եւ Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել դաշինքի կենտրոնակայան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպաններից ընդունել է դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը: Պաշտոնական արձագանքը սպասվում է մի քանի շաբաթից։
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի առջեւ վերջին խոչընդոտները վերացան այս շաբաթասկզբին։
Ֆինլանդիայի խորհրդարանը մայիսի 17-ին կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկին. 188 պատգամավոր կողմ է քվեարկել, 8-ը դեմ է եղել դիմումին։ Շվեդիայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Սկանդինավյան երկու պետությունների արտգործնախարարներ Անն Լինդեն եւ Պեկկա Հաավիստոն ստորագրել են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրենց հայտերը:
Ըստ կանոնների՝ դաշինքին նոր անդամի միանալու համար անհրաժեշտ է բոլոր դաշնակիցների միաձայն հավանությունը։ Դրական որոշման դեպքում վավերացման ընթացակարգը, դիվանագետների կարծիքով, կարող է տեւել մոտ մեկ տարի։
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտնել է, որ Բեռլինը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն, այնուամենայնիվ, պետք է լսել նաեւ Թուրքիայի մտահոգություններն ու փաստարկներն այս հարցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի կարող դրական գնահատել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ Հյուսիսատլանդյան դաշինքին անդամակցելու ծրագրերը:
Պաշտոնական Անկարան համարում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է հստակորեն վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) նկատմամբ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Լամբրեխտի դիտարկմամբ՝ այս հարցում Թուրքիայի հետ պետք է ինտենսիվորեն բանակցել: Նա նշել է, որ Բեռլինը գոհ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում այդ երկու երկրների գործադրած ջանքերից։ Նա վստահություն է հայտնել, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միայն օգուտ կբերի կառույցին, ինչպես նաեւ Եվրամիությանը: