Ըստ ամերիկյան CNN հեռուստաընկերության հաղորդման՝ Միացյալ Նահանգները մշակում է Ուկրաինայից ցորենի եւ եգիպտացորենի արտահանման տարբերակները:
Վաշինգտոնն ուսումնասիրում է ծովով, օդով եւ երկաթուղիներով պարենի դուրսբերման լայն սպեկտրի անվտանգ ուղիներ: Ընդ որում քննարկվում են տարբերակներ ինչպես հաշվի առնելով Ռուսաստանի հավանությամբ, այնպես էլ առանց դրա:
Հեռուստաընկերության տվյալներով՝ սույն հարցում հանգուցային խաղացողներից մեկը ՌԴ-ի հետ հացահատիկի մատակարարման շուրջ բանակցություններում ներգրավված Թուրքիան է: Հիշյալ խնդիրը քննարկման հիմնական թեման կդառնա ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի նախաձեռնած պարենային անվտանգության խորհրդաժողովում:
Համաժողովը տեղի կունենա մոտ ժամանակներս՝ համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ նախագահության շրջանակում: Դրան մասնակցելու համար Նյու Յորք կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Սպասվում են նաեւ Թուրքիայի, Պակիստանի եւ այլ երկրների, որոնց անուններն առայժմ չեն հայտնում, արտգործնախարարները:
Ավելի վաղ Լեհաստանի գյուղատնտեսության նախարար, փոխվարչապետ Հենրիկ Կովալչիկը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարների եւ Եվրամիության գյուղատնտեսության հանձնաժողովի ղեկավարի ներկայությամբ հայտնել էր, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը կարելի է իրացնել Լեհաստանի տարածքով: Նա նշել էր, որ Ռուսաստանը սեւծովյան նավահանգիստներով խոչընդոտում է ցորենի արտահանումը: