ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ռուս-ուկրաինական բարդ իրավիճակով պայմանավորված՝ ակտիվացել է Ուկրաինայից, ՌԴ-ից Հայաստան ներգաղթի գործընթացը:
Պաշտոնյան նշել է, որ առաջին եռամսյակի տվյալներով՝ ուկրաինական փաստաթղթերով Հայաստան է մուտք գործել շուրջ 6 հազար մարդ, որոնց մեծ մասը հայեր են: Նա հավելել է, որ մեծ թվով հայեր հետաքրքրվում են Հայաստանում քաղաքացիություն ձեռք բերելու, կացության տարբեր կարգավիճակներ ստանալու հարցերով:
Ըստ Ալեքսանյանի, իրավիճակի սրացմամբ պայմանավորված, ՀՀ Կառավարությունը մշակել էր արեւմտյան սահմանով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա դուրս գալու անցակետերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն, ինչը օգնել է մեր հայրենակիցներից շատերին լքելու Ուկրաինան:
Ուկրաինայի հայ համայնքը մեծությամբ 4-րդն է աշխարհում, ունի շուրջ 400 հազար հայ բնակչություն: Հովհաննես Ալեքսանյանը նշել է, որ մեր բազմահազար հայրենակիցներ մտադիր չեն Ուկրաինայից դուրս գալու: Նրանք ունեն զինապարտ որդիներ, ամուսիններ, գույք ու չեն ցանկանում թողնել երկիրը: