2015-ին ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Երեւանում էի։ «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած այցով էինք այնտեղ։ Երեւանում ես այդ ժամանակ միակը չէի, կարծեմ 5-6 թուրք լրագրողներով էինք։ Այդ շրջանում ես գրում էի «Թուրքիան թուրքերինն է» բնաբանով «Հյուրիյեթ» թերթում, եւ այդ [նախագահ Սերժ Սարգսյանի հետ] հարցազրույցն այնտեղ էր հրապարակվելու։ Հետեւաբար դա պարզ եւ հերթական մի հարցազրույցից շատ ավելին էր։
Հարցերը ցանկացան նախապես տեսնել։ Դրանք ես հիմնական գծերով ուղարկեցի։ Եվ, իհարկե, ենթադրում եմ, որ այդ հարցերին նրանք պատրաստվել էին, այսինքն՝ նախագահին եւս նախապատրաստել էին։ Հարցազրույցից հետո ես նրա տված պատասխանների հիման վրա տեքստ պատրաստեցի: Այդ տեքստը նորից տեսնել ցանկացան, դրանում ներառված մի քանի արտահայտությունները եւս մեկ անգամ շտկել ցանկացան: Ես էլ, ինչպես բոլոր լրագրողները, պայքարեցի, որ նախապես իրենց ուղարկված հարցերի պատասխանները տեքստից չհեռացնենք։ Այս ամենը համարյա դիվանագիտական բանակցությունների էր նման։
[Հարցազրույցի ընթացքում] ես հասկացա, որ [նախագահ Սարգսյանը] փորձում էր իմ դեմքը կարդալ, հասկանալ, թե մտքովս ինչեր են անցնում։ Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ անվստահություն կար երեւի․ այսինքն՝ «Ես հիմա սա այսպես եմ ասում, այս լրագրողն էլ ասածներս ամբողջությամբ նույն կերպ փոխանցելու համար նշումներ է անում, բայց գուցե գլխիս մի խաղ խաղան։ Արդյոք Թուրքիայի պետության մի շարք արձագանքներից վախենալով՝ ինչ-որ բան, որ ես չեմ ասել, կամ մի բան, որը ես չէի նախընտրի, թերթի գլխավոր էջում կհրապարակի՞։ Ինչպիսի՞ լրագրող է նա»։ Այսինքն՝ երկու կողմերի միջեւ առկա անվստահությունը ես կարդացի նախագահ Սարգսյանի դեմքին։
Սա իմ՝ հայկական հարցին մեծ կարեւորություն տվող եւ այս ոլորտում աշխատող լրագրողի ցանկությունն էր, բայց «Հյուրիյեթ» օրաթերթն էլ, ի վերջո… Սա էլ ասեմ, որ յոթ տարի առաջվա «Հյուրիյեթ»-ը եւ այսօրվա «Հյուրիյեթ»-ը շատ տարբեր են։ «Հյուրիյեթ»-ը վերջին շրջանում Թուրքիայի Հանրապետության քաղաքական մեծ կշիռ ունեցող թերթն է։ Մի թերթ է, որ տարիներ շարունակ այնպիսի լեզու է օգտագործել՝ հատկապես հայերի, քրդերի եւ մի շարք փոքրամասնությունների մասին լուսաբանումներում, որ մեծ քննադատության կարող է արժանանալ։
«Հյուրիյեթ»-ի այն ժամանակվա խմբագիր Սեդաթ Էրգինին շնորհակալություն։ Նա նույնպես շատ համարձակ որոշում կայացրեց, որովհետեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պահանջ էր դրվել, որ հարցազրույցը հենց 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակվի։ Շատ խորհրդանշական մի ամսաթիվ եւ պահանջ։ Ինձ համար դա ընդունելի էր, բայց որ թերթի ղեկավարությունը դա ընդունեց եւ համարձակություն ունեցավ նման քայլի գնալու, կարծում եմ, այն ժամանակվա համար շատ կարեւոր երեւույթ էր։
Օրինակ՝ շատ պարզ ասեմ, հիմա՝ 2022 թվականին, երբ 100-րդ տարելիցը չէ, իհարկե, ապրիլի 24-ն ամեն տարի է կարեւոր, դա նկատի չունեմ, բայց այս տարի երազում կտեսնեք նման հարցազրույցի հրապարակումը։ Թուրքիայում այժմ Էրդողանի կառավարության կողմից անուղղակիորեն վերահսկվող ոչ մի մեդիա նման հարցազրույց չի կարող հրապարակել։