Ըստ The Washington Post-ի՝ Բալթյան երկրները եւ Լեհաստանը դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով զգալիորեն ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունն իրենց տարածքներում, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցներ տեղակայել՝ Ռուսաստանի հնարավոր «ուղղակի ագրեսիան» կանխելու համար: Նրանք պնդում են, որ Ռուսաստանը կարող է արագորեն զինված ուժեր կենտրոնացնել ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանի մոտ եւ դաշինքին պատերազմի փաստի առաջ կանգնեցնել:
Պարբերականը նշել է, որ այնուհանդերձ մի շարք քաղաքական գործիչներ, մասնավորապես Ֆրանսիայից եւ Իտալիայից, պնդում են, որ հազիվ թե Ռուսաստանն առաջիկայում սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ-ի երկրների տարածքների համար:
ՆԱՏՕ-ի օգնությանը դիմած երկրների հարցի վերաբերյալ նախնական որոշումը կընդունվի մինչեւ հունիսի վերջը, նախքան ՆԱՏՕ-ի առաջնորդների՝ Մադրիդի գագաթնաժողովում հանդիպելը: Հանդիպմանը նրանք նաեւ նախնական հավանություն կտան դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերին՝ պայմանով, որ Թուրքիան հետ կվերցնի իր առարկությունները: