Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Մայիսի 18-ին ավելի վաղ Լիտվայի նախագահը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ըստ Ալիեւի՝ Նաուսեդայի հետ քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու տարածաշրջանային իրավիճակը։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ տեղյակ լինելով Լիտվայի նախագահի՝ Հայաստան այցելելու մասին` համոզմունք է հայտնել, որ այցից հետո Նաուսեդան ամբողջական պատկերացում կկազմի։
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, կարգավորել հարաբերությունները եւ շրջել թշնամանքի էջը»,- նշել է Ալիեւը Լիտվայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը։