Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները: Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դիմումների վրա։
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը դիտարկելով որպես Արեւմուտքին նետված մեծագույն մարտահրավեր՝ գերմանական մամուլը նշում է, որ արեւմուտքը համախմբվել է լիովին ու ցույց տվել իր միասնականությունը եւ ամրությունը: Այս համատեքստում, ըստ հրապարակումների, Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկրների անվտանգությունը:
Գերմանական մամուլն Էրդողանին նմանեցրել է միջազգային ճգնաժամերից օգուտներ կորզել սիրող խաղամոլի:
«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է նպատակին հասնել: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով՝ ԵՄ մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան զիջել Անկարայի խաղամոլին՝ քրդական հարցի, սպառազինության կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երեւույթների հանդեպ աչք փակելու հաշվին:
Այդպիսով, Թուրքիան կպահպանի ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերոջ կարգավիճակը, մինչդեռ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կմնա որպես անբարեհույս խուսանավող»,- մասնավորապես նշել է գերմանական հեղինակավոր «Süddeutsche Zeitung» պարբերականը: