ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստին մասնակցելու համար Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման կարգավորման վերաբերյալ։
Զրուցակիցները կարեւորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման կարեւորությունը, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հանդիպումներ է անցկացրել նաեւ Անդրեյ Կովաչեւի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների հետ։