Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ բանակցություններ սկսելու գործընթացը։ Այդպիսով ՆԱՏՕ-ի ղեկավար մարմինը՝ Հյուսիսատլանտյան խորհուրդը, չի կարող որոշում ընդունել անդամակցության գործընթացի բանակցությունները սկսելու համար։
Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներն այդ երկրների դեսպանների միջոցով Բրյուսելում պաշտոնապես ներկայացնելուց ժամեր անց Թուրքիայի նախագահ Էրդողանը, կրկին անդրադառնալով Անկարայի դիրքորոշմանն, ասել է, որ Թուրքիան խնդրել էր 30 ահաբեկիչների արտահանձնում, այնինչ Սկանդինավյան երկու երկրները մերժել են։
«Դուք մեզ ահաբեկիչներին չեք հանձնում, բայց մեզ խնդրում եք թույլ տալ՝ անդամակցեք ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն անվտանգային կառույց է, ուստի մենք չենք կարող «այո» ասել այդ կազմակերպությանը անվտանգությունից զրկելու հարցին»,- ընդգծել է Էրդողանը։
Պահանջում է հարգել Թուրքիայի ազգային շահերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ մայիսի 18-ի հանդիպմանը, կրկին անդրադառնալով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրին, ընդգծել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է հարգել Թուրքիայի ազգային անվտանգային պահանջները։
Նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնելու իր արեւելյան թեւը, Էրդողանն ասել է, որ Թուրքիան միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում։
«Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների առնչությամբ ակնկալել Թուրքիայի աջակցությունը եւ միեւնույն ժամանակ օժանդակել ահաբեկիչներին՝ առնվազն անհետեւողականության դրսեւորում է»։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաքելություններում ամենամեծ ներդրումը ունեցող երկրներից է, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է առանց առարկությունների համաձայնի ցանկացած նախաձեռնության։
«Ինչպե՞ս կարելի է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ակնկալել Անկարայի աջակցությունը եւ Անկարային չհանձնել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը։
Պաշտոնական Անկարան պնդում է, որ Շվեդիայում եւ Ֆինլանդիայում ապաստանած քրդական կազմակերպությունների անդամները ահաբեկիչներ են, եւ պահանջում է նրանց արտահանձնումը։