ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ առաջիկայում կհաջողվի սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործնական աշխատանքը։
Նա նշել է, որ Մոսկվան հետեւողականորեն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման եւ հետագա սահմանագծման օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Միեւնույն ժամանակ, ըստ Զախարովայի, պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
«Այս հարցը քննարկվել է Դուշանբեում՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ: Գործընկերները տեղեկացրել են, որ իրենք մոտ են ազգային պատվիրակությունների ձեւավորման ավարտին»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Ռուսաստանն արդեն ձեւավորել է իր փորձագիտական թիմը եւ հուսով է՝ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքները։
Զախարովայի կարծիքով սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաեւ ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար:
«Դրա շրջանակում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձեւավորել՝ ներառյալ շփման խմբերի ստեղծումը՝ սահմանամերձ շրջաններում կայուն մթնոլորտ ապահովելու համար»,- ասել է Զախարովան: