ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Բրյուսելում մայիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո:
Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության եւ տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի եւ թե՛ ԵՄ-ի համար:
Գործընկերության խորհուրդը քննարկել է քաղաքական, տնտեսական եւ առեւտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ ընդգրկող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը եւ ողջունել է ձեռք բերված առաջընթացը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները եւ քաջալերել Կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։
ԵՄ-ն հանձնառու է խտրականության դեմ պայքարի ուղղությամբ
Գործընկերության խորհուրդը վերահաստատել է Հայաստանի եւ ԵՄ-ի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարական սկզբունքներին: Գործընկերության խորհուրդը ողջունել է դատական եւ իրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության եւ ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ ընդունելով, որ դեռեւս առկա են մարտահրավերներ։ ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ եւ զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին ուղղված այս ջանքերին: ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների եւ խոսքի ազատության, ինչպես նաեւ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար:
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ Գործընկերության խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրով երկու կողմերն էլ ներգրավվում են Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով եւ երկու կողմերի համար տնտեսական օգուտներով:
ՀՀ-ն այլեւս չի կարող օգտվել ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից
Գործընկերության խորհուրդը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ավարտից հետո Հայաստանն այլեւս չի կարող օգտվել համակարգով առաջարկվող` ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից: Այնուամենայնիվ, ընդգծվեց, որ թեեւ ՀԸԳՀ-ն չի նախատեսում ապրանքների առեւտրի համար արտոնյալ սակագներ, այն կարեւոր ներուժ ունի երկկողմ առեւտրային հոսքերին նպաստելու համար, որը պետք է ամբողջությամբ իրացվի:
Գործընկերության խորհուրդը համաձայնել է, որ միջուկային անվտանգությունը առաջնահերթություն է, եւ այս առումով ի գիտություն է ընդունել Հայաստանի առաջընթացն ու հանձնառությունը՝ ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի ազգային գործողությունների ծրագիրը՝ որպես ԵՄ-ի աջակցությամբ ընդունված սթրես-թեստերի գործընթացի մաս: Խորհուրդը նաեւ վերահաստատել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարեւորությունը՝ Փարիզի համաձայնագրի եւ ՀԸԳՀ-ի համաձայն: Այդ նպատակով ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» նորացված թիրախները եւ քաջալերել Հայաստանին՝ ընդունելու Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն՝ նպատակ ունենալով մինչեւ 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության՝ ԵՄ պարտավորություններին համապատասխան:
ԵՄ-ն ողջունել է կրթության նոր ռազմավարություն ընդունելու ՀՀ-ի ջանքերը
Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը զբաղվածության եւ կրթության ոլորտներում՝ ընդգծելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ արհմիությունների եւ գործատուների մասին օրենսդրությունը վերանայելու կարեւորությունը՝ Հայաստանի օրենսդրական դաշտը Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների հետ ավելի համապատասխանեցնելու համար:
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ընդունելու կրթության նոր ռազմավարություն,եւ վերահաստատել է շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կրթության, ուսուցման եւ երիտասարդության հարցերով ռազմավարությունների վերաբերյալ:
Գործընկերության խորհուրդը գոհունակություն է հայտնել Էրազմուս+ ծրագրի շրջանակում հաջող համագործակցության կապակցությամբ եւ ողջունել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը թույլ կտա շարունակել հայ հետազոտողների եւ հետազոտական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական հետազոտական եւ ինովացիոն նախագծերին:
Ի գիտություն է ընդունել Հայաստանի պատրաստակամությունը
Գործընկերության խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը։ ԵՄ-ն արձանագրել է Վիզաների դյուրացման համաձայնագրի եւ ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի՝ ընդհանուր առմամբ հաջող իրականացումը եւ առաջարկել Հայաստանին շարունակել ջանքերը:
Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես համագործակցության էական հարթակ: Խորհուրդը նաեւ վերահաստատել է, որ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության հիմնարար խնդիրները մնում են Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակի հիմնասյունը:
Գործընկերության խորհուրդը նշել է, որ Հայաստանը կշահի Արեւելյան գործընկերության՝ վերականգնման, դիմակայունության եւ բարեփոխման օրակարգից, ինչպես նաեւ հավակնոտ Տնտեսական եւ ներդրումային պլանից՝ ԵՄ-ի եւ Հայաստանի կողմից որոշված՝ այս օրակարգի հիմքում ընկած ուղենշային նախաձեռնություններով, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության աճի խթանմանը, փոխկապակցվածությանը, ինչպես նաեւ կանաչ ու թվային անցմանը, հարավային շրջանների կրթությանն ու զարգացմանը:
Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ-իողմից հրապարակվել է Գործընկերության խորհրդի 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած նիստից ի վեր Հայաստանում եւ ԵՄ-Հայաստան հարաբերություններում զարգացումների վերաբերյալ Գործընկերության իրականացման զեկույցը: Այն ընդգծում է Հայաստանի առաջընթացը ՀԸԳՀ-ի իրականացման գործում եւ ԵՄ-ի առանցքային դերը գործընթացին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Գործընկերության խորհուրդը նախագահում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եւ Եվրոպական միության Բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։