Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիները հաշվառել են 1907, Ուկրաինայի քաղաքացիները՝ 20 անհատ ձեռնարկատիրություն (ԱՁ): ՌԴ եւ Ուկրաինայի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել են նաեւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (ՍՊԸ):
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ՌԴ-ի քաղաքացիների եւ/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ այս տարվա փետրվարի 24-ից մինչեւ մայիսի 17-ը գրանցվել է 1011 ՍՊԸ:
Ուկրաինայի քաղաքացիների եւ/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ փետրվարի 24-ից մայիսի 17-ը գրանցվել է 20 ՍՊԸ:
Ծրագրային ապահովման մշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլն
Իսկ ինչ վերաբերում է նրանց տնտեսական գործունեության ոլորտին, նախարարությունից տեղեկացրել են, որ առավել հաճախ որպես գործունեության տեսակ ընտրված է ծրագրային ապահովման մշակում, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն։