Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներին մայիսի 27-ին անցկացվելիք գագաթնաժողովում կառաջարկվի քննարկել միության շրջանակում հաշվարկների սխեմայի փոփոխությունները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել է, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա հեռավար ձեւաչափով, ԵԱՏՄ-ի ղեկավարների քննարկմանը կներկայացվի 14 հարց:
Ավելի վաղ նախատեսված էր ԵԱՏՄ-ի ղեկավարների հանդիպումն անցկացնել մայիսի 27-ին Բիշքեկում: Մյասնիկովիչը տեղեկացրել է նաեւ, որ Բիշքեկում տեղի կունենա առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը, որտեղ նույնպես հեռավար կմասնակցեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները:
Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Պետդումայի նիստի ժամանակ հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 6-ին Երեւանում:
Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: