Թանգարանների միջազգային օրը Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ն այցելուներին դիմավորեց հաճելի անակնկալով. այսուհետեւ «քույրերը» կներկայանան նոր՝ հանդիսատեսին անծանոթ մշտական ցուցադրությունով: Ներկայացվեցին նաեւ քույրերի կենսագրական եւ ստեղծագործական բովանդակությամբ մուլտիմեդիաներ, տեսաֆիլմեր, պատկերագրքեր։
Նախաձեռնությունն իրականացվել է Գյումրու համայնքապետարանի, «Իմ Հայաստան» ծրագրի եւ «Հայկական բարեգործական ընդհանուր միության» աջակցությամբ։
Պատկերասրահի համադրող, լուսանկարչության, կինոյի եւ հայկական արվեստի տեսաբան Վիգեն Գալստյանը հյուրերին հերթականությամբ ներկայացրեց ըստ թեմատիկայի վերախմբավորված առանձին սրահները։ Նշեց, որ խորհրդային հասարակարգում հեշտ չէր արվեստագետին խոսել ու ստեղծագործել. «Բայց Ասլամազյան քույրերն այդ «բաց ու հավասար» հասարակության մեջ կարողանում էին արվեստի լեզվով ակնարկել իրենց ասելիքը»:
Թանգարանի տնօրեն Կարեն Բարսեղյանը կարեւոր ձեռքբերումներից է համարում նոր ու դեռեւս չցուցադրված աշխատանքների ցուցադրությունը:
«Բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ մինչեւ այժմ պահված էին ցուցասրահի ֆոնդում: Նոր էքսպոզիցիան թույլ է տալիս ցուցադրել դրանցից շատերը»:
Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը բացատրում է, թե ինչու մինչ այժմ մեծ սրահը շատ ցուցանմուշներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս. «Ի սկզբանե շենքը չի կառուցվել որպես պատկերասրահ: Գյումրեցիները սիրել են շատ պատուհաններով տներ, այդ պատճառով թանգարանի գրեթե բոլոր դուրս նայող պատերն ունեն ընդարձակ պատուհաններ, ինչն էլ անհնարին էր դարձնում տվյալ պատին նկարի ցուցադրումը: Շարժական պատերի միջոցով լրացուցիչ տարածք ստացանք»:
Թովմասյանը վստահեցնում է, որ շարժապատերը հնարավորություն են տալիս տրանսֆորմացնելու թանգարանն ըստ ցուցադրության առիթի պահանջի:
Բացի այդ՝ լուծվել է ցուցասրահի ջեռուցման հարցը: Անցկացվել է լեդ եւ կետային լուսավորություն, որի շնորհիվ օրվա ցանկացած ժամի գույներն ընկալվում են այնպիսին, ինչպիսին կան: Փոխվել է հատակի գորգածածկը, որն ապահովում է միջավայրին հատուկ «թանգարանային լռություն»:
Գյումրեցի արվեստագետ Տաթեւ Հարթենյանը ցուցասրահի մշտական այցելուն եւ քույրերի արվեստի սիրահարն է: Թանգարանների միջազգային օրը կրկնակի ոգեւորությամբ է շրջել բոլոր բաժիններում եւ ասում է՝ հիացած է թե՛ նոր ցուցադրված աշխատանքներով, թե՛ նոր ձեւավորմամբ ու համադրմամբ:
«Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի ցուցասրահ»-ը ամենասիրելի զբոսաշրջային վայր համարողների համար լավ նորություններն այսքանով չեն սահմանափակվում: Շատ մոտ ապագայում սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ կվերանորոգվի շենքի փայտե պատշգամբը։ Պատշգամբում նախատեսվում է հիմնել արվեստանոց, մշակութային սրճարան, որտեղ կկազմակերպվեն փոքրիկ ցուցադրություններ եւ մշակութային միջոցառումներ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։