Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 19-ին ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։
Իր գործունեության նախանշած առաջնահերթությունների շրջանակում Պաշտպան Գրիգորյանը նշել է անվտանգային խնդիրների լուծումներում մարդու իրավունքների պաշտպանության մոտեցումների ընդունումը։ Պաշտպանը ներկայացրել է նաեւ պատերազմի հումանիտար հետեւանքների վերացման հարցերին, հատկապես գերիների ու անհետ կորած անձանց հայրենադարձման ու անհետ կորած անձանց ընտանիքներին օգտակար ու պատասխանատու տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը։
Գործունեության առաջնահերթությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաեւ ատելության խոսքի դեմ պայքարի, խտրականության բոլոր ձեւերի բացառման եւ կանանց իրավունքների պաշտպանության իր նպատակադրմանը։
Մարկ Բեհրենդտի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանն անդրադարձել է նաեւ այս օրերին հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքի խնդիրներին, մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻՊ աշխատակազմի լիազորություններին, գործիքակազմին եւ իրականացվող աշխատանքներին։
Freedom House-ի Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենն ու ՀՀ ՄԻՊ-ը, ամփոփելով հանդիպումը, նախանշել են մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ։
Freedom House-ը հետեւողական է իր որդեգրած սկզբունքներում
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 5-ին տարածած իր հաղորդագրությունում Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված քրեական գործերի վերաբերյալ օրինագծի մասին խոր մտահոգություն էր հայտնել:
Կազմակերպությունը Հայաստանի խորհրդարանին հորդորել էր չեղարկել հիշյալ հոդվածը` որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ։
Ապրիլին Freedom House կազմակերպության՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Հայաստանը ներկայացվել է թեեւ իբրեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկող, սակայն ժողովրդավարական պետություն համարվելուց դեռ շատ հեռու երկիր։