Մայիսի 19-ին Ալավերդիում ոգեկոչեցին Պոնտոսի՝ ցեղասպանության զոհ դարձած հույների հիշատակը։ Քաղաքի հունական համայնքային կենտրոնի բակում բացվեց եւ օծվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայերի եւ հույների հիշատակը հավերժացնող խաչքարը։
Սա պոնտացի հույների ցեղասպանությունը հիշատակող առաջին խաչքարն է Հայաստանում, որի նախաձեռնողը ալավերդցի, ազգությամբ հույն Սիմոն Զախարովն է։ Հայկական եւ հունական տիպային խաչերով երկկողմանի կոթողի քանդակագործներն են Կորյուն Սանահնեցին եւ Արմեն Ղումաշյանը։
Կարմիր տուֆից խաչքարի դարձերեսին հունական խաչն է՝ սպիտակ մարմարից։ Իսկ գրությունը քառալեզու է՝ հայերեն, անգլերեն, հունարեն եւ ռուսերեն։
Խաչքարը բացեցին Հայաստանի հունական համայնքների միության անդամները։ Կոթողն օծվեց Ալավերդու հոգեւոր առաջնորդ տեր Միքայել քահանա Շաղոյանի ձեռամբ։ Ապա բարձրացվեցին բարեկամ պետությունների դրոշները։
Ելույթ ունեցան Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարեւան, Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, Հայոց ցեղասպանության թանգարանի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը եւ պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը։
Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը և հունական համայնքի անդամներ։
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից հունական համայնքն ամենափոքրերից է այսօր։ Մեր երկրում մինչեւ 900 հույն է ապրում, որոնց մեծ մասը խառնամուսնական ընտանիքներից են։ Այս տվյալները Հայաստանի հունական համայնքների միությունն է փոխանցում։
«Ալավերդին իր հարակից գյուղերով շատ կարեւոր բնակատեղի է եղել հույների համար։ Հիմա հույները քիչ են, եւ խնդիր է մեզ համար ինչպես պահպանել այն, ինչ ունենք։ Այդ պատճառով է, որ շատացրել ենք ճանաչողական, մշակութային միջոցառումները, հունարենի անվճար ուսուցման հնարավորությունները։ Ամեն գնով փորձում ենք լեզվի պահպանումը եւ առհասարակ հունականության զգացողությունը Հայաստանում վառ պահել»,- իր խոսքում նշեց Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարեւան։
Հունական համայնքների միության անդամներն արարողությանը մասնակցում էին պոնտիական տարազով։ Ասում են՝ հունականը պրոպագանդելու նպատակով, նաեւ աշխարհին ասելու, որ Պոնտոսը, նրա լեզուն, տարազը չեն մոռանում։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ալավերդու հունական երգչախումբը։
Վերջում ներկաները ծաղիկներ դրեցին խաչքարին։ Հիշատակի միջոցառումն ամփոփվեց մատաղի արարողությամբ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։