Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայերի եւ հույների հիշատակը հավերժացնող՝ Ալավերդիի հունական համայնքային կենտրոնի բակում խաչքարի բացման եւ օծման արարողությանը մայիսի 19-ին անդրադարձել է «Ալիք Մեդիան»:
Պոնտոսի եւ փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա՝ մայիսի 19-ի կապակցությամբ հարգանքի եւ խոնարհումի իր խոսքն է ասել նաեւ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը.
Այսօր՝ մայիսի 19-ին, ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի եւ փոքրասիական հույների հիշատակի օրը:
Պոնտոսի եւ փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրել էին երիտթուրքական իշխանությունները եւ իրականացրել Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար եւ ի շարունակություն: Պոնտոսի հույների՝ 1916-1923 թվականներին իրականացված ցեղասպանությանը ավելի քան 350 հազար պոնտոսցի հույներ են զոհ դարձել։
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն է եւ զոհերի հիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Ազգային ժողովը 2015-ի մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ վճռական ո´չ ասելով թուրքական ժխտողականությանը եւ ցեղասպանությանը եւ վճռական այո´՝ այդ ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը:
Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարության վերականգնումը, ինչպես նաեւ նման հանցագործությունների կանխարգելումը: Ցավոք աշխարհի տարբեր անկյուններում չեն դադարում էթնիկ զտումները: Ընդամենը երկու տարի առաջ Արցախում բնակվող հայությունը կրկին ենթարկվեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով։
«Այլեւս երբե՛ք» -ի կարգախոսը գործնականում իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայության եւ հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպես նաեւ վճռականորեն եւ աներկբայորեն դատապարտել ատելություն սերմանող եւ ցեղասպան միջավայր ձեւավորող հռետորաբանությունը:
Հիշում ենք եւ խոնարհվում: