Կեսարյան հատումների թիվն այսօր աճում է ամբողջ աշխարհում: Հայաստանում յուրաքանչյուր երրորդ հղին նախընտրում է ծննդաբերել հենց այս ճանապարհով, սակայն եթե չկան բժշկական ցուցումներ, վիրահատությունը ցանկալի չէ:
Հայաստանում միայն կնոջ ցանկությամբ եւ առանց ցուցման չի կատարվում կեսարյան հատում: «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը պատմեց կեսարյան հատմամբ վիրահատությունների հնարավոր բարդացումների ու վտանգների մասին:
«Այժմ շատ կանայք գերադասում են ծննդաբերել կեսարյան հատմամբ՝ վախենալով ցավերից, իսկ վախն ավելացնում է ցավի զգացողությունը: Բայց ամեն դեպքում դա վիրահատություն է՝ իր բարդություններով, եւ եթե դրա համար ցուցումներ չկան, ավելի ճիշտ կլինի խուսափել: Ես միշտ համոզում եմ հղիներին, բացատրում: Հղի կնոջ հետ երբեք չեմ վիճում, չեմ պարտադրում իմ կամքը, որոշում ենք սպասել ծննդաբերությանը, ինչի ժամանակ էլ արդեն ավելի պարզ է լինում»,- պատմում է բժիշկը:
Մնացականյանն ասում է, որ կեսարյան հատմամբ վիրահատության բժշկական ցուցումները լինում են երկու տեսակի՝ բացարձակ եւ հարաբերական: Բացարձակ ցուցումներ են մոր եւ երեխայի կյանքի համար վտանգավոր մանկաբարձական խնդիրները (օրինակ՝ լրիվ առաջադիր ընկերք, 3-րդ եւ 4-րդ աստիճանների նեղ կոնք, պտղի միջաձիգ, թեք դրություններ եւ այլն)։
Հակառակ դրան՝ հարաբերական ցուցումներն այն իրավիճակներն են, երբ բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը չի բացառվում, սակայն այդ եղանակով մոր կամ պտղի համար բարդությունների վտանգն ավելի մեծ է, քան կեսարյան հատման դեպքում (օրինակ՝ ժամկետանց հղիություն, խոշոր պտուղ, արգանդի սպի, պտղի կոնքային առաջադրություն եւ այլն)։
Բժշկուհին զգուշացնում է, որ կեսարյան վիրահատությունից վերականգնվելն ավելի երկար է տեւում, քան բնական ծննդաբերությունից հետո։ Այս վիրահատությունը կարող է իր ազդեցությունն ունենալ նաեւ հետագա հղիությունների եւ ծննդաբերությունների վրա: Իհարկե, կեսարյան հատումներով էլ կարելի է 3-4 երեխա ունենալ, բայց դա որոշ դժվարություններ է ենթադրում: Կեսարյան հատումից հետո արգանդում սպի է ձեւավորվում, եւ երկրորդ, երրորդ անգամ արդեն նույն ճանապարհով է պետք ծննդալուծել:
Բնական ծննդաբերության առավելություններն են՝ արյան քիչ կորուստը, վարակի ցածր հավանականությունը:
Կան որոշակի հետազոտություններ, համաձայն որոնց՝ կեսարյան հատմամբ ծնված երեխաների իմունիտետն ավելի թույլ է, նրանք ունեն առողջական մի շարք խնդիրներ, սակայն բժիշկն ասում է, որ դա միանշանակ չէ:
Մեզ հետ զրույցում Լիանա Զաքարյանը, ով մի քանի ամսից պատրաստվում է մայրանալու, նշում է, որ նախքան հղիությունն էլ միշտ մտածել է, որ պետք է ծննդաբերել բնական ճանապարհով:
«Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ չունեմ ուղեկցող բարդություններ, որոնք կհանգեցնեն կեսարյան հատման: Ուսումնասիրելով գինեկոլոգների առաջ քաշած փաստերը՝ գիտակցում եմ, որ բնական ճանապարհով ծննդաբերությունից հետո վերականգնվելն ավելի հեշտ կլինի:
Պետք է նշեմ, որ թե՛ բնական ճանապարհով, թե՛ կեսարյան հատմամբ ծննդաբերող կինը հերոս է, որովհետեւ երկու դեպքում էլ դժարություններն ու ցավերն անխուսափելի են»,- ասում է Լիանան:
Կեսարյան հատմանը Լիանան դրական է վերաբերվում, ու եթե այնպես ստացվի, որ երեխան կամ ինքը խնդիրներ ունենան, միանշանակ կընտրի ծննդաբերության այդ տարբերակը: Չպետք է մոռանալ նաեւ, որ կինը ծննդաբերության պահին հոգեբանական այնպիսի վիճակում է, որ կարող է փոխել որոշումը, ու Լիանան չի բացառում, որ նույնը կարող է պատահել իր հետ: Սակայն ժամանակը ցույց կտա, թե ամեն բան ինչպես կդասավորվի:
Լիանայի հետ այնքան էլ համաձայն չէ Մարիամը, որը միանշանակ նախընտրում է կեսարյան հատման ճանապարհը՝ այն համարելով մոր ու մանկան համար ավելի ապահով:
«Իմ առողջության խնդիրների պատճառով վերջին պահին են բժիշկները որոշել կեսարյան հատմամբ ծննդալուծել: Միշտ մտածել եմ, որ պետք է ծննդաբերել բնական ճանապարհով: Սակայն կեսարյան հատումներին դրական եմ վերաբերվում, որովհետեւ երեխաս ծնվել է առողջ, հետագայում չի ունեցել ոչ մի խնդիր, ես շատ արագ եմ վերականգնվել: Այնքան ոգեւորված եմ եղել աղջկաս ծննդով, որ հետծննդյան ցավեր անգամ չեմ զգացել: Իմ փորձից հասկացա, որ ավելի ճիշտ է ծննդաբերել կեսարյան հատմամբ, քան ռիսկի դիմել՝ չիմանալով, թե ինչ ելք կունենա բնական ծննդաբերությունը»:
Այժմ Հայաստանի մի շարք բուժհաստատություններում պիլոտային կարգով ներդրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորած Ռոբսոնի դասակարգումը: Սրա շնորհիվ հնարավոր կլինի դասակարգել կեսարյան հատման պատճառները, ինչն էլ կօգնի ինչ-որ կերպ փոխելու առկա վիճակագրությունը: