Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկները Վայոց ձորի մարզի «Արփա» պահպանվող լանդշաֆտում արձանագրել են Կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը․ կենդանին զբոսնում, հետո մի քանի վայրկյան կանգ առնում ու հայացքն ուղղում է տեսախցիկին։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ թերեւս կերի հարուստ պաշարն է վայրի կենդանուն Վայոց ձոր բերել․ «Արփա» պահպանվող լանդշաֆտում պահպանման հատուկ ռեժիմի շնորհիվ վերջին տարիներին բեզոարյան այծերի բավական մեծ պոպուլյացիա է ձեւավորվել։
ՀՀ հատուկ պահպանվող տարածքներում վերջին տարիներին տեղադրված տեսախցիկները մինչ օրս Կովկասյան ընձառյուծի 3 առանձնյակ են հայտնաբերել 2018, 2020 եւ 2022 թվականներին։
Կովկասյան ընձառյուծը ՀՀ տարածքում բնակվել է վաղնջական ժամանակներից։ Խորհրդային տարիներին որսորդների համար արժեքավոր ավար է եղել թանկարժեք մորթու պատճառով։ Տեղեկություններ կան, որ միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում 75 կենդանի է սպանվել։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10 հազար հեկտար պահպանվող տարածք եւ հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: