ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ ՌԴ դեսպանը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի կարեւոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից եւ գնահատել է պաշտպանի ջանքերը` այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատությունը երաշխավորելու եւ դրանց ընթացքում մարդու իրավունքները հարգելու եւ պաշտպանելու հարցում։
Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը եւ ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարեւոր ու պատասխանատու դերակատարումն այս հարցում։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար եւ սոցիալական խնդիրները։
Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման կարեւոր ջանքերը։