Մի քանի օր շարունակ Լոռին ֆրանսիական մշակույթ էր բուրում։ Աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտորներ Միշել Լեգրանի եւ Ժորժ Կառվարենցի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգային շրջագայությամբ մարզի քաղաքներում էր հյուրընկալվել Երեւանի THEA Orchestra նվագախումբը։
«Ֆրանսիան մեր բարեկամն է» խորագրով երաժշտական արշավը մեկնարկել է Հրազդանից, ապա անցել Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Նոյեմբերյան քաղաքներով։ Նվագախումբը հաջորդիվ կներկայանա Կապանում ու Գյումրիում։ Իսկ նախագծի ամփոփումը Երեւանում կլինի։
THEA Orchestra-ն Հայաստանի քաղաքներով շրջագայում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով։
Նվագախումբը Երգի պետական թատրոնի կազմում 2020 թվականին հիմնադրել են թատրոնի գեղարվեստական ղեկավար լուսահոգի Արթուր Գրիգորյանն ու նախկին տնօրեն Արմեն Սարգսյանը։ Ամիսներ առաջ թատրոնից «անջատվելով»՝ Երգի պետական թատրոնի նվագախումբը դարձել է THEA Orchestra եւ գործում է որպես ստեղծագործական առանձին խումբ։
«Անցած տարի Բաբաջանյան-100 ենք արել՝ շրջելով սահմանամերձ բոլոր գյուղերով, նաեւ Էլվինա Մակարյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Մեծ նախագծերն ու մեծ արշավները դեռ առջեւում են»,- ասում է նվագախմբի ղեկավար Արմեն Սարգսյանը։
Խմբի կազմում երիտասարդ պրոֆեսիոնալ երաժիշտներ են, որոնք զուգահեռ զբաղված են նաեւ Հայաստանի պետական ջազ, Հանրային ռադիոյի էստրադային եւ սիմֆոնիկ, Օպերային թատրոնի նվագախմբերում։
Խմբի հետ գործակցող երաժիշտներից մեկը դաշնակահար, միջազգային 21 մրցույթի դափնեկիր, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արմեն Պուչինյանն է։ Մարզային շրջագայություններն, ըստ նրա, էմոցիաներով լի են. լեփ-լեցուն դահլիճներից մեծ էներգիա են ստանում:
Իսկ խմբի երաժշտական ղեկավար, դաշնակահար եւ տրոմբոնահար Արթուր Իսրայելյանը, որ ծրագրի գրեթե բոլոր երգ-երաժշտությունների գործիքավորողն է, հատկապես Լոռվա մարզում ելույթ ունենալը մեծ պատիվ է համարում։ Նա ծնունդով վանաձորցի է։ Այնտեղ ապրելիս որպես հանդիսատես միշտ նման համերգների կարիք է զգացել։
«Հիմա փորձում եմ այդ բացը լրացնել եկող սերնդի համար»,- ասում է նա։
THEA Orchestra նվագախմբի համերգն Ալավերդիում տեղացիներն աննախադեպ համարեցին գոնե վերջին մեկ-երկու տասնամյակում։
Համերգի ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի եւ Ժորժ Կառվարենցի գործերը եւ Արթուր Գրիգորյանի ստեղծագործություններից երկուսը։
Նկարիչ Նարեկ Տերյանը վրձնեց Միշել Լեգրանի դիմանկարը․ այն նկարչի՝ տարբեր համերգների ընթացքում ստեղծած նկարների հետ առաջիկայում կցուցադրվի Գյումրիում։
«Ֆրանսիան մեր բարեկամն է» նախագծից հետո էլ THEA Orchestra-ն կշարունակի լավ երաժշտություն տարածել։ «Նաեւ երգելով, մշակույթով պետք է պահենք մեր ինքնությունը»․ խմբի մեներգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Սամսոն Մելիքյանն է ասում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։