Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Հայաստանի ոստիկանական համակարգում բարեփոխումների համատեքստում անդրադարձել է բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության գործողություններին: Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում Թրեյսին նշել է, որ կան մտահոգություններ, տեսել են տեսանյութեր ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառման վերաբերյալ:
Լին Թրեյսին ընդգծել է, որ այդ ամենը պետք է քննվի, հաշվետվողականություն լինի այդ հարցերի շուրջ: Ըստ դեսպանի՝ կառավարությունն այս դրվագները հետաքննելու, քննություն անցկացնելու, ինչպես նաեւ ցուցարարների իրավունքները, լրագրողների աշխատանքը հարգելու մոտեցում է ցուցաբերում:
«Նկատել եմ, որ իհարկե, ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային իրավիճակ եւ չի խախտում մյուսների իրավունքները»,- մանրամասնել է դեսպան Թրեյսին եւ հավելել, որ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան առաջընթաց ապահովելու գործընթաց:
«Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին եւ հարցնում՝ սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Ո՛չ, ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է հաշվետվողականություն ապահովելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու առումով, սակայն դա միայն մի դրվագ չէ: Ոստիկանության պարագայում կարեւոր է, որ նրանք հաշվետու լինեն իրենց աշխատանքում»,- նշել է նա:
Լին Թրեյսին ընդգծել է, որ ոստիկանների վարքագծի առնչությամբ Միացյալ Նահանգներում եւս մշտապես խնդիրներ են առաջանում: Նա շեշտել է, որ դա մի ուղղություն է, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է բարեփոխումներ իրականացնելու: «Այսինքն՝ սա իրավիճակ չէ, որը բնորոշ է միայն Հայաստանին: Կարեւորն այն է, որ այդ հարցերում լինի հաշվետվողականություն»,- շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: