ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ պարենային համաշխարհային ճգնաժամի պատճառն Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն: Ըստ Ռուսաստանի մշտական ներկայացուցչի՝ պարենային ճգնաժամը սկսվել է դեռեւս 2020-ին, երբ պարենային անվտանգության ոլորտում շուրջ 155 միլիոն մարդ 55 երկրում ենթարկվել է սպառնալիքների։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ Մոսկվայում կասկածում են, թե ուկրաինական հացահատիկը տեղափոխում են եվրոպական երկրների պահեստարաններ։ Նեբենզյան համոզմունք է հայտնել, թե Ռուսաստանում հիմնավոր կասկածներ կան, որ հացահատիկը ոչ թե գնվում է սովի մատնված համաշխարհային կարիքների համար, այլ մղվում է եվրոպական երկրների ամբարներ։
«Մեզ համար պարզ է, որ Ուկրաինան վճարում է Արեւմուտքին մատակարարվող զենքի դիմաց»,- շեշտել է Վասիլի Նեբենզյան:
ՄԱԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը քննադատել է Ռուսաստանի մշտական ներկայացուցչին նման ենթադրությունների համար: Եվրոպացի պաշտոնյան Նեբենզյայի խոսքերը ռուսական ապատեղեկատվություն է որակել։