Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ Գերմանիայի նախկին կանցլեր 78-ամյա Գերհարդ Շրյոդերը, որին քննադատում են Ռուսաստանի հետ սերտ կապերի համար, Բունդեսթագի աշխատակազմի որոշմամբ պետք է հրաժարվի իր գրասենյակից։ Այդուհանդերձ, նախկին կանցլերը կշարունակի թոշակ ստանալ, օգտվել թիկնապահների ծառայությունից, ինչը նախատեսված է կառավարության նախկին ղեկավարների համար։
1998-2005 թվականներին Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրած սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, որը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական կապերով, 2007-ից աշխատում էր «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում եւ հիմա ստիպված է լքել այն: «Ռոսնեֆտ»-ը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախկին կանցլերին շարունակական աջակցության համար:
Եվրամիության օրենսդիր մարմինը մայիսի 19-ին հավանության արժանացած բանաձեւով կոչ է արել պատժամիջոցներ սահմանելու ռուսաստանյան խոշոր ընկերությունների ղեկավարության եվրոպացի ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք շարունակում են Ռուսաստանից փող ստանալ։