Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստում հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հստակեցրել է Հայաստանի հետ սահմանազատման եւ սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ Կողմերը պատճառները չեն նշել։
Ադրբեջանի վարչապետն իր ելույթում նաեւ հայտարարել է, որ չնայած եռակողմ աշխատանքային խմբերի շրջանակում հանդիպումներին՝ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթաց չի նկատվում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ասադովը նաեւ պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների 4-րդ կետը, որը նախատեսում է Ադրբեջանի տարածքից հայկական զինված կազմավորումների դուրսբերում, առայժմ մնում է անկատար։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանության՝ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Խոսնակը շեշտել է, որ հայկական կողմը որեւէ հանդիպում չի չեղարկել եւ չի մերժել:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար: