Լիտվայի նախագահի պատվիրակության կազմում երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մայիսի 20-ին հյուրընկալվել են ԵՊՀ-ում: Նրանց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։
Լիտվացի գործընկերներին են ներկայացվել ԵՊՀ-ի եւ Լիտվայի համալսարանների համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ համալսարանը պատրաստակամ է հաստատելու նոր կապեր, կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ՝ միտված ուսանողների, դասախոսների եւ հետազոտողների կարողությունների բարձրացմանը, փորձի փոխանակմանն ու նրանց միջեւ հաղորդակցության ամրապնդմանը։
Լիտվայի պատվիրակության ղեկավարը՝ Լիտվայի նախագահի կրթության, գիտության եւ մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը խոսել է Լիտվայի բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության, իրականացվող գործընթացների եւ ռազմավարական նպատակների մասին: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ Լիտվան ցանկանում է ընդլայնել եւ առավել խորացնել առկա համագործակցությունը։
Հանդիպմանը Լիտվայի բուհերի պատվիրակության կազմում մասնակցել են նաեւ Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտոր Ռեգինա Վալուտիտեն, Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը, Կլայպեդայի համալսարանի հաղորդակցության եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Ինգա Պետրաուսկիենեն, Վիլնյուսի համալսարանի կրթության որակի եւ զարգացման բաժնի ղեկավար Անդրիուս Ուժդանավիչուսը, Վիլնյուսի Գեդեմինասի տեխնիկական համալսարանի Անտանաս Գուստայնիսի ավիացիոն ինստիտուտի դեկան Յուստաս Նուգարասը եւ Լիտվայի սպորտի համալսարանի ռեկտոր Դիանա Ռեկլայտիենեն։
Նրանց հետ համագործակցային կապեր հաստատելու, նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու վերաբերյալ քննարկմանը մասնակցել են ԵՊՀ պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահագն Ագլյանը, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, կենսաբանության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Աննա Կարապետյանը եւ Աննա Փոլադյանը։
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն այցելել են ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոն, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ, արյունաբանական լաբորատորիա, էկոլոգիայի եւ բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի, մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության եւ սնկաբանության ամբիոններ: