Հայաստանի Հանրապետությունում Շիրակն այն մարզերից է, որտեղ անտառածածկը ծայրաստիճան սակավ է:
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիրը հարցին մասնակի լուծում է տալիս՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի հյուսիսային հատվածում հիմնելով 60 հեկտար անտառ:
«Կանաչ համայնք` դիմակայուն ապագա» եռամյա նախագիծը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների հետ համատեղ: Ծրագիրը ներկայացնում է քաղաքաշինության կանաչ մոդելներ, բարձրացնում շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի 15 համայնքներում:
Մեծ Սարիարում անտառատնկման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2021 թվականից: Ընտրվել էին Լոռու եւ Շիրակի մարզերը, որտեղ 100 հեկտար նոր անտառ կունենանք. 40 հեկտարը՝ Լոռիում, 60-ը՝ Շիրակի մարզում:
Սոճի, կաղնի, խնձորենի, տանձենի, թխկի ու կեչի. կազմակերպության սեփական տնկարանային տնտեսություններից 180 հազար միավոր տնկանյութ է բերվել Մեծ Սարիար: Ծառատեսակներն ընտրվել են տվյալ լանդշաֆտային գոտու առանձնահատկությունը հաշվի առնելով։ Այն, ըստ մասնագիտական եզրակացության, ցածր արդյունավետությամբ բնական արտոտավայր է։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գեւորգյանը տարածքի ընտրությունը պատահական չի համարում, ասում է՝ մինչեւ չտեսնեն տվյալ համայնքի ղեկավարի եւ բնակչության բարի կամքն ու պատրաստակամությունը, անտառատնկման որոշում չեն կայացնում։ «Այս մարդիկ շահագրգռված են, որ իրենց գյուղն անտառ ունենա, գյուղացին էլ՝ զբաղմունք ու եկամուտ։ Մարդիկ հասկացան, գիտակցեցին, թե անտառն այս տարածքին հետագայում ինչ օգուտ կբերի»։
Ծրագրի հաստատման ժամանակահատվածում համայնքապետ եղած Կարեն Արշակյանն այժմ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է։ Նա ոգեւորված է եւ Մեծ Սարիար գնալու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Իր ձեռքով ծառ է տնկում, օրինակ ծառայում մյուսներին։
«Մրգատու ծառերն ու խիտ անտառը, բացի էկոզբոսաշրջային բում ապահովելուց, կնպաստեն նաեւ կենդանական աշխարհի աննախադեպ հարստացմանը։ Վայրի խոզեր, արջեր, այլ կենդանիներ կարող են բազմանալ անտառում»,- ասում է Արշակյանն ու վերահաստատում, որ սա համայնքի համար իսկական «ոսկու հանք» է, որը պետք է աչքի լույսի պես պահել։
Տարածքը խստորեն հսկվելու է։ Որպես բնական պարիսպ՝ անտառի պարագծով փշատերեւ թփեր կտնկվեն, որի շուրջը միայն ամուր պարիսպ կկառուցվի։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը գոհ է ծառապատման տեմպերից, ասում է՝ սարիարցիները ջանասիրաբար աշխատում են։ Կազմակերպությունն էլ բարեխիղճ ու ժամանակին վճարում է աշխատողներին։ Մեկ ծառի տնկման զուտ արժեքը 65 դրամ է:
Խաչատուր Մաթոսյանն առաջին օրվանից աշխատում է սարերում։ Ասում է՝ գյուղի ծանոթ-բարեկամով անցել են աշխատանքի։ Օրական միջին հաշվարկով ամեն մեկը 300 ծառ է տնկում։ «Ե՛վ անտառ կունենանք, ե՛ւ աշխատանք»,- իր գոհունակությունն է հայտնում սարիարցի Խաչատուրը:
Աշխատանքները միայն ծառատունկով չեն սահմանափակվելու։ Մի քանի տարի շարունակ հիմնադրամը կհոգա, որ չորացած ծառերը փոխարինվեն նորերով։ Բացի այդ՝ ամեն տարի հողի փխրեցման, ծառերի խնամքի, հատումների եւ այլ անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն։
Քսան տարուց «կայացած» անտառն ամբողջությամբ կտրամադրվի համայնքի խնամքին ու պահպանմանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։